22/10/2022 16:34
Սննդակարգ, որն օգնում է արագ հաղթահարել մրսածությունն ու հարբուխը
Հարբուխն ու մրսածությունն արագ հաղթահարելուն օգնում են ոչ միայն ավանդական միջոցները կամ բժշկի նշանակած դեղահաբերը, այլև հատուկ ընտրված սննդակարգը։
Որո՞նք են մթերքի այն տեսակները, որոնք օգնում են արագ հաղթահարել հիվանդության հետևանքները։
Հավի արգանակ
Մրսածության առաջին իսկ նշանների դեպքում հավի արգանակը շտապ օգնության դեր է տանում։ Այն օգտակար է առողջության համար՝ ընդհանրապես։ Հավի արգանակն օգնում է, որ վիրուսը կամ ինֆեկցիան չներթափանցի մարդու օրգանիզմ, իսկ եթե արդեն հարբուխով հիվանդ եք, ապա հավի արգանակը կնպաստի, որ քթանցքերն արագ մաքրվեն։ Եթե հավի արգանակը պատրաստեք բանջարեղենով, օրինակ՝ ավելացնեք գազար ու նեխուր, ապա հաքաօքսիդանտների, վիտամինների ու հանքանյութերի պարունակությունն ու հետևաբար նաև՝ դրանց դրական ազդեցությունն օրգանիզմի վրա, կմեծանա։
Սննդարար նյութերով հարուստ մթերքի տեսակներ
Մթերքի այն տեսակները, որոնք հարուստ են սննդարար նյութերով, նույնպես օգնում են արագ հաղթահարել մրսածության հետևանքները։ Հակաօքսիդանտներով, մասնավորապես՝ վիտամին C-ով հարուստ մթերքը մեծացնում է իմունային համակարգի պաշտպանիչ գործառույթը։ Ցիտրուսները, հատապտուղները, նուռը, բուլղարական պղպեղը, կանաչեղենը հատկապես նոր սկսվող հարբուխի ժամանակ են շատ արդյունավետ։ Կարելի է նաև վիտամին C-ով հարուստ սմուզի պատրաստել՝ սպանախով, ելակով, կոճապղպեղով ու կիտրոնով, օրվա ընթացքում ուտել հատապտուղներ՝ մոշ, ազնվամորի, որոնց մեջ պարունակվող անտոցիանները հակամանրէային բնական միջոցներ են։ Պապայան ու կիվին նույնպես շատ օգտակար են մրսածության ժամանակ, քանի որ ցիտրուսներից ավելի շատ են վիտամին C պարունակում։
Կոճապղպեղով ու մեղրով թեյ
Կոճապղեպղով ու մեղրով թեյն ավելի օգտակար է մրսածության ժամանակ, քան սովորական թեյը։ Թարմ կոճապղպեղը սեզվիտերպեն է պարունակում, որը թիրախավորում է ռինովիրուսները՝ մրսածության առաջացման ամենատարածված պատճառը։ Թարմ կոճապղեղով ու մեղրով թեյ պատրաստելու համար հարկավոր է կոճապղեղի արմատի մի փոքրիկ մասն անցկացնել քերիչով կամ շատ մանր կտրատել, ավելացնել 1-2 թեյի գդալ բնական մեղր, լցնել թեյի մեջ ու խառնել։
Հավկիթ
Հավկիթը ցինկի ու սպիտակուցների հարուստ աղբյուր է, նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը, իսկ սպիտակուցներն օգնում են, որ օրգանզիմն ավելի արդյունավետ պայքարի հիվանդության դեմ։
Հակամանրէային հատկություններով օժտված մթերքի տեսակներ
Հակամանրէային հատկություններով օժտված մթերքի տեսակները մրսածության ժամանակ սննդակարգի կարևոր մասը պետք է կազմեն։ Ցանկալի է շատ սոխ ու սխտոր օգտագործել, նաև ռեհան, մանանեխ։ Դարչինն ու չիչխանը նույնպես մանրէասպան հատկություններ ունեն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։