22/10/2022 20:00
Ի՞նչ է պետք ուտել՝ գեղեցիկ, առողջ ու փարթամ մազեր ունենալու համար
Խիտ, փարթամ ու գեղեցիկ մազեր ունենալու ամենակարևոր նախապայմանը ոչ թե մազերի խնամքի թանկարժեք միջոցներն են, որոնք ժամանակավոր արդյունք են տալիս, այլ անհրաժեշտ սննդանյութերը, որոնք ստանում ենք տարբեր մթերքներից, այսինքն՝ այնպիսի սննդակարգը, որն օգտակար է ոչ միայն ամբողջ օրգանիզմի, այլև մազերի առողջության համար։
Մթերքի ո՞ր տեսակներն են, որոնք նպաստում են, որ մազերն առողջ լինեն, հետևաբար՝ նաև գեղեցիկ։ Մասնագետները մի քանիսն են առանձնացնում, որոնք անհրաժեշտ է ներառել ամենօրյա սննդակարգում։
Շագանակագույն բրինձ
Շագանակագույն բրինձը օրգանիզմից դուրս է բերում տոքսինները․ բրնձի հատիկների շագանակագույն կեղևը հագեցած է թիամինով, որը դրականորեն է ազդում անմիջապես մազերի ֆոլիկուլների վրա՝ ամրացնելով դրանք ու կանխելով մազաթափությունը։
Ձիթապտուղ և ձիթապտղի յուղ
Ձիթապտուղը A, C, E վիտամինների, հակաօքսիդանտների, պեկտինների, սպիտակուցների, չհագեցած ճարպաթթուների հարուստ աղբյուր է։ Ձիթապտուղն ու ձիթապտղի յուղը դանդաղեցնում են օրգանիզմի, այդ թվում՝ մազերի և մաշկի ծերացման պրոցեսը։ Ամենօրյա սննդակարգում ձիթապտուղ ու ձիթապտղի յուղ ներառելու դեպքում հնարավոր է երիտասարդությունը երկար պահպանել։
Օրգանիկ ձու
Օրգանիկ ձուն օգտակար նյութերով է հարուստ․ ցինկը, սելենը, ծծումբը, երկաթը, B խմբի վիտամինները, որոնք պարունակվում են օրգանիկ հավկիթներում, կանխում են մազաթափությունը, արագացնում են մազերի աճը, ամրացնում են մազերը, ավելի փարթամ ու գեղեցիկ դարձնում դրանք։ Օրգանիկ ձվով կարելի է նաև խնամել մազերը։ Հարկավոր է ընդամենը լավ հարել հավկիթը, մինչև փրփրելը, քսել մազերին, 30 րոպե անց լվանալ դրանք։
Կարմիր կաղամբ
Կարմիր կաղամբը պարունակում է երկաթ, անտոցիանին, ֆոլաթթու, վիտամին C, որոնք նպաստում են, որպեսզի մազերի ֆոլիկուլներն ու գլխամաշկն առողջ մնան։ Այս տարրերը նպաստում են նաև սեկրեցիային ու գլխամաշկի ճարպի արտադրմանը, ինչն իր հերթին պաշտպանում է մազերը արտաքին գործոնների վնասակար ազդեցությունից։
Թուզ
Թուզն օգտակար է հատկապես ակտիվ մազաթափության ժամանակ, քանի որ արդյունավետորեն կրճատում է այդ պրոցեսը։ Պտուղը հարուստ է հանքանյութերով, որոնք ամրացնում են մազարմատները։ Թուզը լավացնում է նաև արյան շրջանառությունը, հավելյալ փայլ է հաղորդում մազերին։
Թուրինջ
Թուրինջը լավացնում է նյութափոխանակությունը, նպաստում է օրգանիզմից վնասակար նյութերի դուրսբերմանը, բարենպաստ ազդեցություն թողնելով ամբողջ օրգանիզմի վրա՝ նպաստում է նաև մազերի առողջության պահպանմանը։ Թուրինջն, ուտելուց բացի, կարելի է ավելացնել նաև մազերի խնամքի համար նախատեսված միջոցների մեջ։ Մի քանի կաթիլ թուրինջի յուղը կօգնի ոչ միայն ամրացնել մազրեը, այլև ազատվել թեփից։
Բրազիլական ընկույզ
Բրազիլական ընկույզը սելենի հարուստ աղբյուր է, որը վերականգնում է մազերի կառուցվածքը, նաև ֆոլիկուլները։ Սրա շնորհիվ մազերը ոչ միայն ավելի խիտ են դառնում, այլև սկսում են ավելի արագ աճել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։