22/10/2022 19:48
«Հավալուսն»․ Սերգեյ Մանուկյանի գիտաֆանտաստիկ վեպը
Հոկտեմբերի 21-ին Loft-ում տեղի ունեցավ «Հավալուսն» գիտաֆանտաստիկ վեպի շնորհանդեսը։ Վեպը մասնագիտությամբ տնտեսագետ Սերգեյ Մանուկյանի առաջին գրական ստեղծագործությունն է՝ նոր մոտեցմամբ ու ասելիքով։
Aysor.am- ի հետ զրույցում հեղինակը պատմեց գրքի ստեղծման, իր հույզերի և այն հիմնական գաղափարի մասին, որը փորձել է փոխանցել ընթերցողներին։
«Գիրքը գրելու գաղափարը ծագել է 2018 թվականին։ Եթե ասեմ, որ ի սկզբանե միտք եմ ունեցել զբաղվել գրականությամբ, ճիշտ չի լինի, քանի որ տնտեսագետ եմ և շատ եմ սիրում իմ մասնագիտությունը։ Պարզապես մտքումս կուտակված սյուժեներից, կերպարներից «ազատվելու» լավագույն տարբերակը դրանք թղթին հանձնելն էր»,- ասաց հեղինակը։
«Հավալուսն» վեպը լի է սիմվոլիզմի տարրերով․ Հավալուսնն ինքնին սիմվոլ է և ունի բավականին հին լեգենդ։
Գրքի շնորհանդեսին ներկա էին ինչպես գրականագետներ, այնպես էլ հյուրեր հեղինակի մասնագիտական ոլորտից։
Գրականագետ Նատալի Գոնչար-Խանջյանը «Հավալուսն»-ը համեմատեց հայելու հետ, որտեղ յուրաքանչյուր ընթերցող հնարավորություն ունի տեսնելու իրեն։
«Կարող ենք ասել, որ հեղինակն իր գործում հաջողել է, քանի որ վեպի կառուցվածքն ամուր է, իրադարձությունները՝ հագեցած, և ընթերցելիս գրքից կտրվելը գրեթե անհնար է դառնում»,- ասաց բանախոսը։
Երեկոյի ընթացքում հեղինակը, խոսելով գրքի ստեղծման նախապատմությունից, մի փոքրիկ գաղտնիք բացեց․
«Լինելով էմոցիոնալ մարդ՝ այդ էմոցիաները տրանսֆորմացրել եմ սյուժեում։ Սկզբում նախատեսել էի մտքերս արտահայտել կոմիքսների տեսքով, սակայն առաջին մասը պատրաստ լինելուն պես, դրանք իրենց տեղը գտան վեպի ժանրում»,- ասաց Սերգեյ Մանուկյանը։
Վեպը բաղկացած է չորս մասից, չունի հստակ ընդգծված տարիքային սահմանափակում, հասանելի է ընթերցողների տարբեր խմբերի։
«Հավալուսն»-ը դինամիկ է, իրադարձություններն արագ են զարգանում, կա սիմվոլիզմ, որն ամբողջությամբ հասկանալու համար իմացության որոշակի հիմքեր են պետք։
Գրքի հիմնական ասելիքն ու գաղափարն ամբողջանում է Միքայելի կերպարում։
«Մեր կյանքում ցանկացած պահի մենք կանգնած ենք ընտրության առջև, դա ռիսկեր ու վախեր է ենթադրում։ Միքայելը մարդկության հավաքական կերպարն է և ամենևին պետք չէ այն ասոցացնել միայն իմ անձի հետ։ Ես իսկապես ուզում եմ, որ մարդիկ հետևեն իրենց սրտի թելադրանքին և երբեք չվախենան, քանի որ վախը խանգարում է և չի թողնում իրականացնել մեր բոլոր երազանքները»,- ասաց վեպի հեղինակ Սերգեյ Մանուկյանը։
«Հավալուսն» վեպի խմբագիր Վանուհի Եղիշյանը գոհունակությամբ խոսեց Սերգեյ Մանուկյանի բառարվեստի և հայոց լեզվի նկատմամբ նրա յուրահատուկ մոտեցման մասին, գիրքը բնորոշեց որպես մաթեմատիկական ճշգրտությամբ գրված գեղարվեստական ստեղծագործություն, որը շատ գեղեցիկ է։
Շնորհանդեսի վերջում հեղինակն անդրադարձավ վեպի հիմնական գաղափարին ․ «Հետևի՛ր սրտիդ թելադրանքին ու չթողնե՛ս, որ վախը բույն դնի հոգուդ մեջ»։