24/10/2022 13:37
«Ակնհայտ անարդար դատական ակտ է կայացվել». ԱԱԾ-ն փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով մանրամասներ է ներկայացրել (Տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայությունը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով մանրամասներ է հաղորդել։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցները, հետևողականորեն դրսևորելով հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի գործելաոճ, իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջացառումների արդյունքում բացահայտել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի դատական ակտ կայացնելու դեպքեր, որոնց հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրենքով նախատեսված լիազորություններ իրականացնող պետական պաշտոնատար անձը, տեղեկացված լինելով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից։
Իր մտադրությունների իրականացման նպատակով պաշտոնատար անձը հանցավոր արարքի կատարմանը որպես հանցակիցներ ներգրավել է նաև դատական իշխանության ոլորտում իշխանական գործառույթներ իրականացնող մեկ այլ պաշտոնատար անձի, ինչպես նաև իր օգնականին և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին, ովքեր խորհուրդներ և տեղեկատվություն տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել են ենթադրյալ ծանր հանցագործության կատարմանը։
Արդյունքում` դատական իշխանություն իրականացնող պետական մարմնի պաշտոնատար անձը, մեղադրյալի հետ անձնական բնույթի միջնորդավորված կապերի առկայությամբ պայմանավորված, իր՝ արդարադատության իրականացման իշխանական բացառիկ լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական շահերի՝ այլընտրանքային խափանման միջոցի կիրառման անբավարար լինելու հանգամանքը մեկ այլ դատավորի որոշումներով հաստատված լինելու պայմաններում մեղադրյալի նկատմամբ կիրառել է քրեական վարույթի համար հավանական խոչընդոտներ առաջացնող այլընտրանքային խափանման միջոց գրավ և նրան ազատել կալանքից։
Նախաքննության ընթացքում փաստական և իրավական հիմնավորումներով պայմանավորված՝ իշխանական և ծառայողական լիազորություններն անցնելու, ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և դրանց հանցակցելու համար համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ, մեղադրանքներ են ներկայացվել երեք անձի և նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները բացահայտելու նպատակով։
Միևնույն ժամանակ, Ծառայությունը, հաշվի առնելով, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, քրեական վարույթի այս փուլում հավելյալ այլ տեղեկատվություն տրամադրել չի կարող», - ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Կալանավորվել է նաև նույն գործով անցնող դատավոր Արուսյակ Ալեքսանյանը: Ավելի ուշ դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն մտել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով անձեռնմխելիությունից զրկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու նպատակով։ ԲԴԽ-ն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել են դատավորը և փաստաբանը, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։
Էրիկ Ալեքսանյանին մեղսագրվում է օժանդակությունը, նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Ինքը՝ Ալեքսանյանը, հայտարարել է՝ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
«Սա ինձ լռեցնելու փորձ է։ Ես բացարձակապես կալանավորվելուց չեմ վախենում, ես քննության ընթացքում կապացուցեմ, որ ոչ միայն մեղավոր չեմ, այլև որևէ առնչություն չունեմ նրա հետ, ինչ ինձ վերագրվում է», - ասել էր նա։