24/10/2022 19:02
Նորածինների հեմոլիտիկ հիվանդություն․ Ռեզուս-գործոնի կարևորությունը պտղի զարգացման ընթացքում
Նորածինների մոտ հեմոլիտիկ հիվանդությունը առաջանում Է մոր և պտղի արյան խմբային ու ռեզուս գործոնների անհամատեղելիության պատճառով։ Տարբերում են հիվանդության 3 ձև՝ պտղի բնածին ընդհանուր այտուց, նորածնի դեղնախտ, նորածնի բնածին սակավարյունություն։ Այսպիսի բաժանումը պայմանական է, լինում են նաև խառը ձևեր։
Հեմոլիզի հետևանքով առաջանում է սակավարյունություն, և արյան մեջ կուտակվում է դեղին գունակ՝ բիլիռուբին։ Նորածինների արյունատարրալուծական հիվանդությունն առավել հաճախ բնորոշ է 2-րդ, 3-րդ և հետագա, ինչպես նաև վիժումներին հաջորդած հղիություններից ծնված երեխաներին (որովհետև մոր օրգանիզմում հակամարմինների քանակը յուրաքանչյուր հաջորդ հղիության ժամանակ աստիճանաբար ավելանում է)։
Այս հիվանդությամբ կարող են տառապել նաև 1-ին հղիությունից ծնված երեխաները, եթե մորը նախկինում արյուն են փոխներարկել՝ առանց հաշվի առնելու ռեզուս-գործոնը։ Հիվանդությունը կարոդ է առաջանալ նաև մոր և պտղի արյան խմբային անհամատեղելիության հետևանքով։
Առավել հաճախ հանդիպող ձևը նորածնի դեղնախտն է, որն ի հայտ է գալիս ծնվելուց հետո առաջին օրերին և խորանում է հետագայում։ Երբեմն երեխան ծնվում է մաշկի դեղնությամբ։ Դեղնախտը պայմանավորված է էրիթրոցիտների քայքայման ժամանակ արյան մեջ բիլիռուբինի առաջացմամբ և արագ ավելացմամբ։ Բիլիռուբինն ունի թունավոր հատկություններ և բավականաչափ կուտակվելիս կարող է ախտահարել գլխուղեղը։ Արդյունավետ բուժման բացակայության դեպքում, կյանքի առաջին շաբաթվա վերջին նորածնի վիճակը կտրուկ վատանում է, նա դառնում Է թույլ, կուրծքը բռնելու ռեֆլեքսը թուլանում Է, հաճախ առաջանում են ցնցումներ, ակնաշարժ նյարդի խանգարումներ։ Այդպիսի ծանր դեղնախտ կրած երեխաները հետագայում հոգեպես և ֆիզիկապես թերզարգացած են լինում։
Նորածինների արյունատարրալուծական հիվանդության առավել ծանր ձևը պտղի բնածին ընդհանուր այտուցն է, երբ երեխան ծնվում է մահացած կամ մահանում է կյանքի առաջին ժամերին։ Բնածին այտուցի ժամանակ երեխայի մաշկը շատ գունատ է, երբեմն՝ դեղնավուն երանգով։ Նկատվում են մաշկի և ենթամաշկային բջջանքի բավականաչափ այտուց, խիստ արտահայտված սակավարյունություն։ Դրանց հետևանքով առաջանում է սրտային անբավարարություն, որից երեխաները մահանում են։
ժամանակակից բուժման մեթոդների շնորհիվ բավականին նվազել են նորածինների նման հիվանդությունից մահացության և գլխուղեղի ախտահարման դեպքերը։
Կանխարգելման նպատակով կանանց կոնսուլտացիաների ընթացքու հետազոտում են արյան ռեզուս-գործոնը և որոշում արյան խումբը։ Ռեզուս-բացասական արյուն ունեցող կանանց հաշվառում են, պարզում նախկինում արյան փոխներարկումների կատարման, նորածինների արյունատարրալուծական հիվանդությունով երեխաների ծննդյան, վիժումների, մեռածածնության փաստերը, այնուհետև ռեզուս– հակամարմինների առումով կանոնավոր հետազոտում արյունը։ Հակամարմիններ հայտնաբերելիս անցկացնում են կանխարգելիչ բուժում։ Ռեզուս-բացասականով կանանց խորհուրդ չի տրվում 1-ին հղիությունն արհեստականորեն ընդհատել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։