24/10/2022 12:36
«Վերցրել են բջջային հեռախոսը, ավտոմեքենայի ու փաստաբանական գրասենյակի բանալիները». փաստաբանը պնդում է՝ Էրիկ Ալեքսանյանին կալանավորելով՝ ազդակ են ուղղում մյուս բոլոր փաստաբաններին
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի փաստաբան ընկերները պնդում են՝ Էրիկ Ալեքսանյանին կալանավորել են, որպեսզի լռցենեն նրան, խոչընդոտեն մասնագիտական գործունեությունը։
«Էրիկ Ալեքսանյանի կալանքն ապօրինի է, լավ ճանաչելով նրան՝ պետք է հասկանանք, որ չի հաջողվելու նրա օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։
Նրա խոսքով՝ անձնական խուզարկության ժամանակ Էրիկ Ալեքսանյանից ԱԱԾ-ում վերցրել են ավտոմեքենայի բանալիները, բջջային հեռախոսը, փաստաբանական գրասենյակի բանալիները։
«Սրաք հանդիսանում են փաստաբանական գաղտնիք պարունակող աղբյուրներ։ Գաղտնիք չէ, որ փաստաբանի անձնական բջջային հեռախոսը, ցանկացած առարկա, որ պարունակում է փաստաբանական գաղտնիք՝ անձեռնմխելի են», - ասաց նա։
Ղարագյոզյանն ընդգծեց՝ Էրիկ Ալեքսանյանը շատ լավ համագործակցել է լրագրողների հետ, սուր խոսքով է հանդես եկել ու վեր է հանել այն բոլոր ապօրինի գործողությունները, որոնք բացահայտվել են։
«Էրիկ Ալեքսանյանի կալանքը յուրահատուկ ազդակ է ՝ ուղղված բոլոր փաստաբաններին, որ տեսեք՝ «ձեզանից յուրաքանչյուրը, ով նույն կերպ կիրականացնի իր մանսագիտական գործունեությունը, անվախ կներկայացնի բոլոր այն փուչ քրեական վարույթները, որ գործ ունենք «կարած» քրեական հետապնդման հետ՝ չունեք երաշխիք, որ ձեր հետևից չեն գալու, զգույշ եղեք»։ Այս գործողությունները փաստաբանական համայնքը կազմաքանդելու համար են, բայց դա չի ստացվելու։ Ակնկալում ենք տարբեր ինստիտուտների արձագանքը», - հայտարարեց փաստաբան Ղարագյոզյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Կալանավորվել է նաև նույն գործով անցնող դատավոր Արուսյակ Ալեքսանյանը: Ավելի ուշ դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն մտել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով անձեռնմխելիությունից զրկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու նպատակով։ ԲԴԽ-ն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել են դատավորը և փաստաբանը, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։
Էրիկ Ալեքսանյանին մեղսագրվում է օժանդակությունը, նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Ինքը՝ Ալեքսանյանը, հայտարարել է՝ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
«Սա ինձ լռեցնելու փորձ է։ Ես բացարձակապես կալանավորվելուց չեմ վախենում, ես քննության ընթացքում կապացուցեմ, որ ոչ միայն մեղավոր չեմ, այլև որևէ առնչություն չունեմ նրա հետ, ինչ ինձ վերագրվում է», - ասել էր նա։