24/10/2022 23:37
Մոսկվային ու Երևանին հակադրելու փորձերը, որոնք գործադրում է Արևմուտքը, հաջողությամբ չեն պսակվի՝ չնայած Հայաստանի վրա գործադրվող ճնշմանը․ Զախարովա
Մոսկվային ու Երևանին հակադրելու փորձերը, որոնք գործադրում է Արևմուտքը, հաջողությամբ չեն պսակվի՝ չնայած Հայաստանի վրա գործադրվող ճնշմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեզ չեն կարող չանհանգստացնել տագնապ հարուցող միտումները, որոնք թափ են հավաքում Անդրկովկասում, որտեղ էլ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։
Մենք տեսնում ենք՝ ինչպիսի աննախադեպ ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը։ Մեր երկրների և ժողովուրդների միջև դարերով ձևավորված կապերին վնաս հասցնելու նպատակադրմամբ քայլեր են ձեռնարկվում՝ վարկաբեկելու Ռուսաստանի վարած քաղաքականությունը տարածաշրջանում։
Վաշինգտոնի և Բրյուսելի հրահանգներով գործող բազմաթիվ հիմնադրամները, ՀԿ-ները և լրատվամիջոցները կրկնապատկված եռանդով փորձում են հասարակության շրջանում հակառուսական տրամադրություններ ձևավորել»,- հայտարարել է Մարիա Զախարովան, ում մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում։
Զախարովայի խոսքով՝ Մոսկվայի ու Երևանին հակադրելուն ուղղված արտաքին ուժերի ջանքերը չեն կարող հաջողությամբ պսակվել։
«Մենք տրամադրված ենք ամրապնդել ռազմավարական դաշինքը և բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ, ինչը թույլ կտա համատեղ հաղթահարել առկա մարտահրավերները։
Ռուսաստանի և Հայաստանի միջև զարգանում է ռազմաքաղական ու ռազմատեխնիկական ուղղություններով երկխոսությունը։ Առևտրաշրջանառությունն աճում է ռեկորդային տեմպերով, իրականացվում, մշակվում են լուրջ նախագծեր տրանսպորտային, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերական, բարձրտեխնոլոգիական ոլորտներում։
Տասնյակ ռուսական խոշոր ընկերություններ պատրաստ են այսուհետ ևս ներդրումներ անել Հայաստանի տնտեսությունում։ Հաջողությամբ լուծում ենք Հանրապետության էներգետիկ և պարենային անվտանգության ամրապնդմանն ուղղված խնդիրները»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ Հայաստանի համար շահավետ է նաև ԵԱՏՄ-ին մասնակցությունը։