24/10/2022 13:26
Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. կկայանա սահմանազատման հարցով հանձնաժողովների նիստը
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների պետական հանձնաժողովների երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հանդիպումը կկայանա Բրյուսելում:
Նշենք, որ հանձնաժողովները գլխավորում են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը:
Դեռ հոկտեմբերի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Բրյուսելում սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ անցկացնել։
Գրիգորյանի և Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցությամբ։
Հիշեցնենք՝ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն:
Ըստ այդ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, կտեղակայվի ԵՄ քաղաքացիական առաքելություն Հայաստան-Ադրբեջան սահմանին:
Առաքելության նպատակն է աջակցել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը։
Դիտորդական առաքելությունը կունենա ժամանակավոր բնույթ և չի տևի երկու ամսից ավելի։