24/10/2022 20:33
Արցախի Ճարտար քաղաքում բազմաֆունկցիոնալ մարզահամալիր է բացվել․ Արայիկ Հարությունյանը հետևել է պատանիների ցուցադրական պարապմունքներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում մասնակցել է բարերար Վլադիրմիր Ավագյանի միջոցներով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արայիկ Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնել Վլադիմիր Ավագյանին՝ «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի ծրագրերի շրջանակում սեփական միջոցներով անցած տարիների ընթացքում Արցախում իրականացրած շուրջ տասը միլիոն ԱՄՆ դոլարի բարեգործական նախագծերի համար: Նա ընդգծել է, որ հերթական նախաձեռնությունը կարևոր գործոն է լինելու մատաղ սերնդի առողջ ապրելակերպի և հագեցած առօրյայի ապահովման համար:
Նախագահ Հարությունյանը հյուրերի հետ ծանոթացել է մարզական կենտրոնի ժամանակակից պայմաններին, հետևել պատանիների ցուցադրական պարապմունքներին:
Միջոցառմանը ներկա էին նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, շրջանային վարչակազմի պատասխանատուներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից, այդ թվում՝ Ռուսաստանի հայերի միության ներկայացուցչական պատվիրակությունը: