25/10/2022 18:39
Ուշ աշնան բարիքներ, որոնք օգնում են վերականգնել օրգանիզմի ուժերն ու առողջ մնալ
Ուշ աշնանն ու ամբողջ ձմռանը, մինչև վաղ գարուն, սննդակարգում պետք է ներառել մթերքի այնպիսի տեսակներ, որոնք կամրացնեն օրգանիզմը, ձմռանը կպաշտպանեն վիրուսներից ու կնվազեցնեն հիվանդանալու ռիսկը։
Թուրինջ
Այս յուրօրինակ պտուղը հակաառիթմիկ, ջերմիջեցնող հատկություններ ունի, նվազեցնում է «վատ» խոլեստերինը, բարելավում է մարսողությունը։ Թուրինջի ամենաօգտակար մասը պտուղը պարուրող սպիտակ թաղանթն է, որը պետք չէ հեռացնել, այն շատ օգտակար է։ Թուրինջն ուտելուց անմիջապես հետո զգացվում է դրա թարմացնող, ուժերը վերականգնող ազդեցությունը։
Չիչխան
Չիչխանը մաքրում է արյունը, օգտակար է ստամոքսի ցածր թթվայնության ժամանակ։ Չիչխանից թեյ կամ թուրմ են պատրաստում։ Այն ուշ աշնան ու ձմռան ամենահիանալի բարիքներից է համարվում։ Եթե չիչխանից պատրաստված թեյին ավելացնեք նաև մի փոքր կոճապղպեղի արմատ, մեղր, մեխակ ու դարչին, ապա ըմպելիքի օգտակար հատկությունները կբազմապատկվեն, այն նոր ուժ կհաղորդի, կօգնի նաև հաղթահարել մրսածությունը, կոկորդացավը, կբարելավի թոքերի ու ստամոքսի աշխատանքը։
Նուռ
Հեմոգլոբինի մակարդակը բարձրացնելու, իմունիտետն ամրապնդելու ամենաարդյունավետ միջոցներից է նուռը։ Այն օրգանիզմը մաքրում է մանրէներից, հիանալի հակաօքսիդանտ է, օգտակար է մրսածության ժամանակ։ Նուռը պետք է ուտել կորիզներով, կորիզներում պարունակվող յուղը նույնպես շատ օգտակար է։
Խնձոր
Խնձորը խորխաբեր հատկություն ունի, շատ օգտակար է մրսածության ժամանակ։ Խնձորը կարելի է մեղրի հետ եփել, խորհուրդ է տրվում թարմ խնձորից կամ խնձորի չրից կոմպոտներ եփել, ավելացնել նաև հատապտուղներ՝ օգտակար հատկություններն ավելացնելու համար։
Կիտրոն
Կիտրոնը նույնպես մաքրում է արյունը, նպաստում է արյան շրջանառության բարելավմանը։ Կիտրոնը խորհուրդ է տրվում օգտագործել առավոտյան և երեկոյան։ Այն շատ օգտակար է մրսածության ժամանակ։ Կիտրոնը կարելի է ավելացնել ոչ միայն թեյի մեջ, այլև այլ ընպելիքների ու կերակրատեսակների, որոնց հետ համադրվում է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։