25/10/2022 18:02
Նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում․ Քննարկվելու են ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու հարցերը
Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունների իրագործումը, «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Առաջիկայում նախատեսված է հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև սահմանին՝ քննարկելու համար հուլիսին ձեռք բերված երկու պայմանավորվածությունների իրագործումը։ Այդ պայմանավորվածություններն են ուղիղ ավիաբեռնափոխադրումների մեկնարկը և սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը»,- ասել է Հունանյանը։
Նա նաև նշել է, որ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ առաջիկայում որևէ վայրում կամ ժամկետում հանդիպելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա: