25/10/2022 10:06
«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը, կարծես, քննություն է վերցնում կառավարության անդամներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար Ռուբեն Վարդանյանը, ով հրաժարվելով ՌԴ քաղաքացիությունից՝ տեղափոխվել է Արցախ, իսկ օրերս էլ ընդունեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը` պետնախարարի պաշտոնում աշխատելու, վերջին օրերին ինտենսիվ հանդիպումներ է ունենում քաղաքական-հասարակական տարբեր շրջանակների հետ։ Նա առանձին հանդիպումներ է ունենում, այցելում է կառավարության ոլորտային պատասխանատուներին՝ նախարարներին, հանդիպում նախարարությունների ղեկավար կազմի հետ: Արցախի մեր աղբյուրները կարծում են, որ Վարդանյանը քննություն է վերցնում կառավարության անդամներից, որ հետագայում հասկանա՝ ում հետ է աշխատելու, ում է «կտրելու» և փոխելու: Իսկ որ փոփոխություններ լինելու են, դա հաստատ է։ Ի դեպ, արդեն հայտնի է, որ Վարդանյանը պետնախարարի պաշտոնում կնշանակվի նոյեմբերի 4-ին։
Ապագա պետնախարարը, ըստ որոշ լուրերի, հանդիպել է նաև արցախյան ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանի հետ, ով շուրջ երկու ամիս է՝ շուրջօրյա բողոքի ակցիաներ է իրականացնում նախագահականի դիմաց՝ պահանջելով որոշ պաշտոնյաների հրաժարականը: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանը՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին, ով գործարար Խաչատուր Սուքիասյանի մտերիմն է և Արցախում շինարարությունների առյուծի բաժինն է իրականացնում։ Այս հանդիպումով է պայմանավորված, որ բողոքի ակցիաները դադարել են: Ասում են նաև, որ Վարդանյանը խոստացել է Պետրոսյանին իր խորհրդական նշանակել և ի կատարումն նրանց պահանջների` կադրային փոփոխություններ իրականացնել»։