25/10/2022 18:13
Հայաստանի համար պատասխանատու պահին ՀՀ իշխանություններն ակնհայտորեն փորձում են փոխել կուրսը, ՌԴ դաշնակից պետությունից վերածվել Արևմուտքի դաշնակից պետության․ Կոնստանտին Զատուլին
Այսօր ՀՀ իշխանությունները Հայաստանի համար պատասխանատու պահին ակնհայտորեն փորձում են փոխել կուրսը և ՌԴ դաշնակից պետությունից վերածվել Արևմուտքի դաշնակից պետության, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը նման կերպ է մեկնաբանել Հայաստան իր մուտքն արգելելու մասին որոշումը։
Ավելի վաղ Զատուլինը տեղեկացրել էր` այսօր ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է իր մուտքը ՀՀ։ Զատուլինը պետք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու «Լազարևյան ակումբի» նիստին։
«Ի դեպ` ակումբի նիստին հրավիրված էին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախատեսել էինք նիստի հաջորդ օրն այցելել Ջերմուկ, ինչի կապակցությամբ նամակ էինք գրել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Այս հարցով համագործակցում ենք նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ։ Սակայն այսօր բոլորովին անսպասելի ստացանք այդ նամակը»,–ասել է Կոնստանտին Զատուլինը։
Նա նշել է, որ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ պատրաստվում են «Լազարևյան ակումբի» նիստին, որը պետք է կլոր սեղանի ֆորմատով կայանար, իսկ թեման պետք է լիներ «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան»։
Նիստին, ըստ Զատուլինի, հրավիրել են Ռուսաստանից շուրջ 50 մասնակցի, Երևանից ավելի քան 70 մասնակից կա ցուցակում։ Նա նշել է, որ հայկական կողմի պաշտոնատար անձանցից որևէ պատասխան չեն ստացել, չհաշված այն, որ փոխվարչապետի գրասենյակից առ այսօր հետաքրքրվում էին, թե ովքեր են մասնակցելու նիստին։
Նրա խոսքով` առաջին անգամ է տեսնում, որ նման հայտարարություններ արվեն խորհրդարանի արտաքին կապերի վարչության պետի մակարդակով։ Զատուլինը կարծում է նաև, որ նման հարցերը պետք է լուծվեն ԱԳՆ խողովակներով։
Պատգամավորը նշել է` կարող է կռահել, թե ինչու է հենց խորհրդարանն այդպես պատասխանել․ պատճառներից մեկն այն է, որ նիստին հրավիրվել էր նաև ԱԺ նախագահը։ Իսկ երկրորդ պատճառը, ըստ նրա, այն է, որ հավանաբար Փաշինյան–Պուտին հանդիպումից առաջ ՀՀ իշխանությունները չեն ցանկացել նման քայլի դիմել։
Զատուլինի մեկնաբանմամբ` արգելքն աննախադեպ է. չի հիշում որևէ դեպք, որ ռուս պատգամավորին արգելեն մուտք գործել Հայաստան։ Կոնստանտին Զատուլինը հայտնել է, որ այսօր երեկոյան «Լազարևյան ակումբի» խորհուրդը կհավաքվի և որոշում կկայացնի` նիստ անցկացնե՞լ, թե՞ ոչ։ Հարցն այն է, որ կասկածներ կան, որ կարող են այլ «անցանկալի անձինք» էլ լինել, ուստի մտածելու տեղիք է տալիս, թե ինչու է նման բան տեղի ունենում։
«ՀՀ իշխանությունները Հայաստանի համար պատասխանատու պահին ակնհայտորեն փորձում են փոխել կուրսը` խրախուսելով հակառուսաստանյան արշավն ու ակնարկելով, որ ՌԴ-ն, որպես դաշնակից, չի կատարում իր պարտավորությունները։ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում քննարկել ռուս-հայկական հարաբերությունների ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։ Հայաստանի կառավարությունը ներգրավված է հակառուսական ոգով Հայաստանի հասարակության գիտակցության վերաձևակերպման գործընթացում՝ հօգուտ այն երկրների հետ հարաբերությունների, որոնց հետ Ռուսաստանը հակամարտության մեջ է»,–ասել է Կոնստանտին Զատուլինը` հավելելով, որ սա Ռուսաստանի հետ հարաբերությունների մերժման վառ և կոպիտ վկայություն է։
Զատուլինի կարծիքով` ՀՀ իշխանությունները գտնում են, որ աջակցություն կա Արևմուտքից, Վաշինգտոնից և ԵՄ-ից։
Կոնստանտին Զատուլինը հերքել է Հայաստանին որևէ կերպ վնաս պատճառելը` ասելով` թող ցույց տան մեկ ուրիշին, որն իրենից շատ էր աջակցում Հայաստանին, փորձում հասնել այն բանին, որ Ռուսաստանի իշխանություններն ավելի վճռական քայլեր իրականացնեն։ Բացի այդ, նա հիշեցրել է, որ բազմիցս եղել է Լեռնային Ղարաբաղում և մտահոգված է նրա ճակատագրով։ Հենց սա էլ, ըստ նրա, չեն կարողանում ներել իրեն, քանի որ ՀՀ ներկայիս իշխանությունը ընդհանրապես մտահոգված չէ այդ հարցով, դա առաջնահերթություն չէ նրա համար։