25/10/2022 09:46
«Հրապարակ». «Դուրս ՀԱՊԿ-ից համախմբում» նախաձեռնող խումբը դիմում է հղել ԱԺ նախագահին՝ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին «Դուրս ՀԱՊԿ-ից համախմբում» նախաձեռնող խումբը դիմում է հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին` խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով: Թեման «ՀՀ անվտանգային հարցերն» են, մասնավորապես, ՀԱՊԿ կառույցից Հայաստանի դուրս գալու «հանրային պահանջի» քննարկումը։ Դիմումը հասցեագրվել է նաև ԱԺ արտաքին, պաշտպանության և անվտանգության, պետական-իրավական, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովների ղեկավարներին։
«Ակնհայտ է, որ այսօր ՀՀ քաղաքացիներին առավել հուզող հարցը ՀՀ անվտանգության և դաշնակցային հարաբերությունների ներկա և ապագա տեսլականներն են, ուստի այս քննարկումը, որպես ժողովրդավարական նախաձեռնություն, համարում ենք անհրաժեշտություն», - հիմնավորել են դիմումատուները։
Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամներն են իշխանության հովանու ներքո գործող գործիչները, այդ թվում՝ Արման Բաբաջանյանը, Լևոն Շիրինյանը, Ազատ Արշակյանը, ՕԵԿ նախկին խոսնակ Էդգար Առաքելյանը, Գարեգին Միսկարյանը, Թեհմինե Ենոքյանը, և այլք։ Շաբաթներ առաջ նախաձեռնությունը փակ հանդիպում էր ունեցել Անդրանիկ Քոչարյանի հետ, ով վստահեցրել է, որ հարցին ընթացք կտան»։