25/10/2022 10:28
«Հրապարակ». Այսօր մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանը, իսկ հաջորդ շաբաթվանից կսկսվեն 2023 թ. բյուջեի նախագծի նախնական քննարկումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանը: ԱԺ խորհրդի հաստատած օրակարգից կարելի է ենթադրել, որ այն հաշված ժամեր է տևելու։ Օրակարգում ընդգրկված է ընդամենը 9 հարց, ևս 18 հարց էլ երկրորդ ընթերցման է ներկայացված: Առաջին ընթերցումն էլ երկար պրոցես չէ, բայց երկրորդը, որպես կանոն, մեկ-երկու րոպե է տևում։ Ի դեպ, օրակարգ բերված ինը նախագծերից ութի հեղինակը կառավարությունն է, ընդամենը մեկ՝ հույժ կարևոր նախագիծ է ներկայացված ՔՊ-ական պատգամավորների հեղինակությամբ. ԱԺ կանոնակարգում համապատասխան փոփոխությամբ՝ իշխող ուժի պատգամավորներն առաջարկում են, որ պատգամավորները երդման տեքստի տակ դնեն նաև սեփական ստորագրությունը։
Ուշագրավ է, որ նման ցածր արդյունավետությամբ աշխատող խորհրդարանում շարունակում են պարգևավճարներ բաժանել, անցած շաբաթ ևս ՔՊ-ականները պարգևավճար են ստացել՝ հավանաբար, կառավարության բերած նախագծերը հնազանդորեն դակելու համար։ Իսկ հաջորդ շաբաթվանից կսկսվեն 2023 թ. բյուջեի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովներում։ Առաջին օրը՝ հոկտեմբերի 31-ին, Փաշինյանը նույնպես կգնա խորհրդարան՝ բացումն անելու»։