25/10/2022 09:31
«Հրապարակ». Ուղևորները ռեպլիկներ են արել Փաշինյանի կնոջ հասցեին, թե «խի պիտի «էս թուրքերը» սենց հանգիստ օդանավ նստեն»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մի քանի օր առաջ Փարիզում էր․ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի հետ Ելիսեյան պալատում լուսանկարվել էր, հանդիպել ֆրանսահայ տիկնանց հետ։ Փարիզյան շրջագայությունից նա վերադարձել է շաբաթ օրը` երեկոյան ուշ ժամի, «Էյր Ֆրանսի» Փարիզ-Երևան AF 1060 չվերթի օդանավով։
Նրա հետ նույն օդանավով վերադարձած ուղևորներից մեկը մեզ պատմեց, որ ինքնաթիռում վարչապետի կնոջն այնքան էլ ջերմ չեն ընդունել։ Ուղևորների աչքից չի վրիպել այն, որ նույն օդանավով Փարիզից Երևան վերադառնալիս է եղել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ով նստած է եղել բիզնես-դասում, իսկ Աննա Հակոբյանը` իր բազմամարդ շքախմբով, տեղավորվել է էկոնոմ-դասում։
Մեր զրուցակիցը նկատել է, թե ինչպես է Աննա Հակոբյանն օդանավ բարձրանալով անցել Հայկ Կոնջորյանի մոտով և «ֆշշացրել» Կոնջորյանի հասցեին: Երևի այն պատճառով, որ ինքը ստիպված է էկոնոմ-դասով թռչել, որովհետև հանրային պարսավանքից է խուսափում, իսկ «ինչ-որ մի ճ կլասի պատգամավոր» բիզնես-դասով է ճամփորդում։ Բայց թեև տիկին Հակոբյանը ֆորմալ տեղավորվել է էկոնոմ-դասի առաջին նստատեղին` յոթերորդ շարքում, սակայն նրա համար բիզնես-դասի սպասարկում են ապահովել: Նրա կողքի նստատեղն ազատ է եղել` այդ տոմսը ևս գնվել է, որ տիկնոջ կողքը մարդ չլինի, իսկ երրորդ նստարանին թիկնապահներից մեկն է նստած եղել։
Բացի այդ, ուղևորները հաշվել են, որ Աննա Հակոբյանին ուղեկցում է 8 անձ` 3 թիկնապահ, 3 տղամարդ ուղեկիցներ, 2 կին, որոնցից մեկը նրա վարսահարդարն է եղել` Անուշը, ում օդանավում ճանաչողներ են եղել: Երեք թիկնապահները փողկապով ու կոստյումով են եղել` ԱԱԾ-ի տարբերանշանով, մյուս երեքը տարբերանշան չեն ունեցել, բայց ԱԱԾ-ականների հետ են շփվել, միասին բարձրացել, միասին իջել: Թռիչքի մեկնարկին Աննա Հակոբյանից մեկ-երկու շարք հետ նստած ուղևորները՝ մի քանի կին ու մի տղամարդ, ռեպլիկներ են բաց թողել Փաշինյանի կնոջ ու նրան ուղեկցող անձնակազմի հասցեին, թե «խի պիտի «էս թուրքերը» սենց հանգիստ օդանավ նստեն», «սրանք հիմա պիտի մկան ծակը հազար թումանով առնեին», ու նման արտահայտություններ։ Արցախի հետ կապված են բարձր-բարձր հայտարարություններ արել՝ իրենց սերն արտահայտելով Արցախի հանդեպ. «մեռնեմ Արցախի դրոշին», «էդ իմ համար հպարտություն ա», և այլն։
Աննա Հակոբյանն այդ ամենը լսել է ու որևէ ռեակցիա չի տվել։ Հավանաբար, արդեն սովորել են նման ռեպլիկների: Փոխարենը թիկնապահներն են սկսել նյարդային շարժումներ անել, շրջվել աղջիկների կողմը, որ դիտողություն անեն, սակայն թիկնապահներից հավանաբար ավագը սաստել է, որ կարիք չկա։ Ամեն ինչ այդքանով ավարտվել է։
Ի դեպ, մեր զրուցակիցը, ով հաճախ է ուղևորվում արտերկիր, պատմեց, որ նախկինում շարքային քաղաքացիները Հայաստանի նախագահների կանանց օդանավում հանդիպելիս ավելի հարգալից էին պահում իրենց, անգամ մոտենում` զրուցում էին, հետաքրքրվում նրանց որպիսությամբ, առաջարկում օգնել, և այլն։ Այս անգամ նման բան չի նկատել: Եվ մի մանրամասն էլ ներկայացրեց, որ նախկինում ՀՀ նախագահների կանանց մեկ թիկնապահ էր, որպես կանոն, ուղեկցում ինքնաթիռում, և նրանք երբևէ պաշտոնական հանդիպումների մենակ չէին մեկնում, առավելագույնն ուղեկցում էին իրենց ամուսիններին` մնալով ստվերում և առաջին պլան չմղվելով: Իսկ սովորական ինքնաթիռներով մեկնելիս դրանք մասնավոր այցեր էին լինում, որի ժամանակ նրանց շուրջն այսպիսի իրարանցում չէր առաջանում` հաղորդագրություններ չէին տարածում, հրապարակումներ ու լուսանկարներ չէին արվում»։