25/10/2022 11:10
Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 22,6 միլիոն եվրո վարկ է վերցնում
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի Հանրապետությանը 22,6 միլիոն եվրո գումարի չափով լրացուցիչ վարկ կտրամադրի կրթության ոլորտը բարելավելու համար։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ վարկային համաձայնագրի միջոցով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում եղած ուղղությունները՝ 5 փունջ գործողություններ, որոնք լիովին համահունչ են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին։
«Առաջին գործողությամբ 4 ավագ դպրոց կհիմնանորոգվի և կվերակառուցվի, կհամալրվի անհրաժեշտ գույքով։ Խոսքը Երևանի թիվ 139 ավագ դպրոցի, Աշտարակի, Արտաշատի և Վանաձորի ավագ դպրոցների մասին է։ Երկրորդ գործողությամբ կարիքների գնահատման հիման վրա 200 հանրակրթական հաստատություններում նոր լաբորատորիաներ կհիմնվեն։ Կառավարության ծրագրով՝ մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում պետք է ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ», - Ազգային ժողվում ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ նախորդ ծրագրով 107 դպրոցներում այդպիսի լաբորատորիներ ստեղծվել են։
Երրորդ գործողությամբ պետք է ստեղծվի 80 նախակրթարան։ Նախատեսվում է նախակրթարանների տարածքի վերանորոգում, անհրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերում, նախակրթարանում ընդգրկված դաստիարակների վերապատրաստում։
«Նախակրթարանները հարմարեցվելու են ներառական կրթության պահաջներին։ Չորորրդ գործողությամբ կնույնականացվի և կփորձարկվի տվյալների վիզուալիզացիայի գործիքները և առանձնահատկությունները։ Խոսքը կրթության կառավարման տեղեկատվական համակարգի արդյունավետության բարձրացման մասին է։ Հինգերորդ խումբ գործողություններն ուղղված են բարձրագույն կրթության համակարգին։ Նախատեսվում են, որ ԳՏՃՄ (STEM) հինգ ծրագրեր կիրականացվեն, որը կնպաստի բուհերի կրթական գործունեության որակի և արդյունավետության բարձրացմանը, կառավարման համակարգի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի ու դասավանդման մեթոդների արդիականացմանը, կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներդրմանը, ինչպես նաեւ աշխատաշուկայի հետ կապերի զարգացմանը», - մանրամասնեց Արթուր Մարտիրոսյանը։