26/10/2022 12:30
Հայաստանը և Ադրբեջանը պետք է որոշեն՝ Պուտինի հրավերն օգտակար կլինի՞ նրանց համար. ԱՄՆ պետդեպի խոսնակ
ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ նպատակն է օգնել երկու երկրներին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության, այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:
Զախարովան, հիշեցնենք, ասել էր, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված որոշումներ մշակելն է, այլ՝ ինքնագովազդը և Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելը:
Փրայսն ընդգծել է՝ ինքնագովազդի հարց չկա, երբ փորձում են վերջ դնել տարիներ շարունակվող հակամարտությանը, բախումներին, որոնք զոհերի են հանգեցրել երկու կողմից էլ:
«Այստեղ մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին աշխատել միասին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության, ի վերջո, կյանքեր փրկել: Ես չգիտեմ, թե դա ինչպես կարող է մեկնաբանվել որպես ինքնագովազդ: Ինչպես ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը՝ մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին», - ասել է նա:
Պետդեպարտամենտի խոսնակն ասել է, թե ԱՄՆ-ն կարծում է, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար:
Դիտարկմանը, որ այս ամսվա վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հավաքել, մտավախություն չկա՞, որ այդ հանդիպումը կծառայի Բրյուսելի և Պրահայի հանդիպումների ձեռքբերումները խաթարելուն, այլ ոչ թե ամրացնելուն՝ Փրայսն արձագանքել է. «Հայաստանի և Ադրբեջանի որոշելիքն է՝ արդյո՞ք ՌԴ նախագահ Պուտինի հրավերն օգտակար կլինի նրանց համար՝ հասնելու այդ տևական խաղաղությանը»:
«Ի վերջո, չկա ավելի մեծ աջակցություն, քան ԱՄՆ-ինն է՝ Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանության ու անկախության համար», - նշել է խոսնակը: