26/10/2022 17:05
Հայաստանն ակնկալում է, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ ճանապարհային քարտեզ կընդունի. Փաշինյան
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել, ինչի արդյունքում խումբ է եկել Հայաստան և տեղում դիտարկել իրավիճակը։ Առաջիկայում նախաձեռնում ենք կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկենք այդ զեկույցը, ԱԺ-ում այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը։ Շատ հստակ ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին, և երկրորդ՝ կընդունի ճանապարհային քարտեզ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե իր նշած երկու որոշումների կայացմամբ բազմաթիվ հարցեր, որոնք այս ընթացքում բարձրացվել են հանրության կողմից, պատասխաններ կստանան։