26/10/2022 16:22
Հայտնի անձը «սև» ու «սպիտակի» բաժանումն արդեն տարածում է միջազգային հարաբերությունների վրա․ Սա կարող է ողբերգական ավարտ ունենալ․ Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծիք է հայտնել, որ երկրի ներսում «սևի» ու «սպիտակի» բաժանարար գծեր անցկացնելուց հետո ՀՀ գործող իշխանությունը հիմա էլ նույն գործելաոճը տեղափոխում է արտաքին քաղաքական դաշտ, տարածում է միջազգային հարաբերությունների վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
«Մեր քաղաքականության ստրատեգիան պետք է լիներ` ամեն կերպ խուսափել համաշխարհային այս «սևի» ու «սպիտակի» բաժանման մեջ հայտնվելուց, սակայն գործող կառավարությունն ամեն ինչ արեց մեզ այդ բաժանման կիզակետ մտցնելու համար՝ համապատասխան վտանգներով հանդերձ:
Հայաստանի հանրությանը բաժանելով «սև» ու «սպիտակի», այն մասնատելով, ատոմիզացնելով ու քաոսի վերածելով, հայտնի անձը «սև» ու «սպիտակի» բաժանումն արդեն տարածում է միջազգային հարաբերությունների վրա:
Հանրությանը ներազգային օրակարգով մասնատելուց հետո, հիմա նույն հանրությունը բաժանվում է մասերի՝ ըստ արտաքին քաղաքականության օրակարգի, ու տեղի է ունենում մի բան, ինչն աներևակայի էր․ հանրային եթերում արդեն բացեիբաց «սպիտակ» են հայտարարվում Թուրքիան ու Ադրբեջանը, շուտով «սև» կհռչակվի նաև Իրանը, սակայն դա դեռ մի կողմ:
Արտաքին քաղաքականությունը ներկայացնելով նման պարզ սխեմայի մեջ, որտեղ գոյություն չունի ազգային շահ, այլ կան էմոցիաներ, արդեն Հայաստանն է սկսում դրսի երկրների համար ընկալվել «սևի» ու «սպիտակի» երանգներով: Մենք դառնում ենք «սև» գլխավոր խաղացողներից մի մասի համար ու «սպիտակ» (օգտագործվող խաղաքարտ)՝ մյուսների համար: Մենք տեսնում ենք, թե ինչի է դա հանգեցրել Ուկրաինայում, ժամանակին ինչ եղավ Վրաստանի հետ:
Ցանկացած սթափ երկիր միջազգային հարաբերություններում պետք է խուսափի նման բաժանումներից: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակն ու դիմակայության ռեսուրսների բացակայությունը, սա կարող է ողբերգական ավարտ ունենալ:
Բայց քանի կա հայտնի անձը, որը երկրի գոյությունը վտանգելով, միայն նման եղանակով է կարողանում իր ֆիզիկական գոյությունը երկարաձգել, մենք այս վտանգավոր թնջուկից դուրս գալու ելք չունենք», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքագետը: