26/10/2022 21:10
Ամերիաբանկի բիզնես թվային հարթակը համալրվել է ԱՁ-ն օնլայն գրանցելու ծառայությամբ
Ամերիաբանկի ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը թվային օրակարգի իրականացումն է, թվայնացումը։ Աստիճանաբար բանկն ավելի ու ավելի է տեղափոխվում դեպի թվային ուղիներ, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը՝ ընդգծելով՝ Ամերիաբանկում ներդրված թվային հարթակի շնորհիվ գործարքների գերակշռող մեծամասնությունն իրականացվում է առանց բանկ այցելելու։
«Այս պահի դրությամբ Ամերիաբանկի գործարքների ընդամենը 4 տոկոսն է մասնաճյուղերում իրականացվում։ Այսինքն, բանկին հաջողվել է գործարքների 96 տոկոսը բեռնաթափել, հանել մասնաճյուղերից, դրանք հիմնականում ինքնասպասարկվող և թվային ուղիներով են իրականացվում։ Այդ ցուցանիշն ակնհայտորեն վկայում է թվայնացման տեմպերի մասին»,- ասաց Արման Բարսեղյանը։
Ամերիաբանկի բիզնես բանկինգի վարչության ղեկավար Կարեն Քարամյանն էլ ընդգծեց՝ թվային օրակարգով են առաջնորդվում՝ հաշվի առնելով հաճախորդների կարիքներն ու ժամանակակից բիզնեսի պահանջները։ 2018 թվականից ներդրված ընդհանրական թվային հարթակում գործարարները կարող են գտնել իրենց հետաքրքրող ծառայությունները, որոնք այս տարիների ընթացքում ավելացել են։
«Այս բոլոր ծառայություններն իրենց դրական ազդեցությունն են ունեցել բանկում բիզնես հաճախորդների տարբեր ցուցանիշների վրա․ մասնավորապես, հաճախորդների թիվը վերջին 3 տարիների ընթացքում կրկնապատկվել է, բիզնես վարկային պորտֆելը վերջին 3 տարում նույնպես կրկնապատկվել է, մոբայլ օնլայն բանկինգի օգտատերերի թիվը վերջին 3 տարում 3,5 անգամ աճել է։ Այս ամենը հաշվի առնելլով՝ շարունակում ենք զարգացնել թվային հարթակը»,- ասաց Կարեն Քարամյանը։
Ամերիաբանկի բիզնես թվային հարթակն այսօր արդեն համալրվել է նորարարությամբ՝ ԱՁ-ն օնլայն գրանցելու ծառայությամբ։
Ամերիաբանկի նախագծերի մենեջեր Արփինե Հարությունյանը, ներկայացնելով նորարարությունը, նշեց՝ հարթակ մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտք գործել business.ameriabank.am հասցեով և օնլայն տարբերակով, առանց բանկ այցելելու, անվճար գրանցել բիզնեսը, բացել հաշիվ Ամերիաբանկում, ստանալ անվճար բիզնես քարտ և անվճար մոբայլ օնլայն բանկինգ։ Այս ամենը կառուցված է մեկ պատուհանի սկզբունքով։
Ինչպես է պետք գրանցել բիզնեսը՝ ԱՁ-ն։
«Նախ, համակարգ մուտք գործելու համար պետք է ստեղծել անձնական էջ։ Անձնական էջ ստեղծելու քայլերը շատ պարզ են, ընդամենը պետք է լրացնել անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե և սահմանել գաղտնաբառ, այնուհետև անցնել էլեկտրոնային փոստին ուղարկված հղումով և ակտիվացնել գրանցումը։
Անձնական էջի գրանցումը բիզնեսի գրանցման հետ պետք չէ շփոթել։ Համակարգում հաճախորդը ստեղծում է իր անձնական տիրույթը, ապա սկսում օգտվել այն ծառայությունից, որն իրեն անհրաժեշտ է»,- նշեց Արփինե Հարությունյանը։
Ինչ վերաբերում է բիզնեսի գրանցման ընթացակարգին, ապա անհրաժեշտ է ունենալ անձնագիր կամ նույնականացման քարտ, սոցիալական քարտ կամ այն չունենալու դեպքում՝ այդ մասին տեղեկանք, հասանելիություն տպիչ սարքին, տեսախցիկով հեռախոս կամ համակարգիչ։
ԱՁ-ն գրանցելու համար հաճախորդը լրացնում է իր հեռախոսահամարը, այնուհետև հաճախորդի հեռախոսին ուղարկվում է ծածկագիր, որը մուտքագրելուց հետո լրացնում է իր անձնական տվյալներն ու տալիս համաձայնություն՝ հարցումներ կատարելու։
Բիզնեսի և գործունեության ոլորտը լրացնելուց հետո ներբեռնում է գրանցման դիմումը, ստորագրում, սկանավորում և կցում համակարգում։
«Միանգամից նաև հաշվի բացում ենք առաջարկում հաճախորդին․ լրացվում է օրենսդրությամբ պահանջվող անհրաժեշտ տեղեկատվությունը, ընտրում է հաշվի արժույթը, քարտի տեսակը, քարտի արժույթն ու քարտի ստացման եղանակը։ Այնուհետև հաճախորդը լրացնում է իր օնլայն բանկինգի մուտքանունը, ստուգում է հայտն ու ամբողջ ինֆորմացիան ուղարկում բանկ։ Ամրագրվում է տեսազանգ, որի նպատակը հաճախորդին նույնականացնելն է, որից հետո նրան են տրամադրվում պայմանագրերը, որոնք հաստատելուց հետո ավտոմատ եղանակով բացվում են հաճախորդի հաշիվները, գրանցվում է բիզնեսը, ինչի մասին նա ծանուցում է ստանում էլեկտրոնային փոստին»,- քայլերի հաջորդականությունը ներկայացրեց Ամերիաբանկի նախագծերի մենեջերը։
Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանն էլ ընդգծեց՝ բանկի թվային հարթակում ինտեգրման նույնատիպ կանոններ են գործում։
«Մեկ հարթակում բոլոր գործընկերներին տրամադրվում են նույնատիպ ինտեգրման կանոններ։ Այդ դեպքում արդեն ծառայություն մատուցելը մեր համակարգում իրենց համար դառնում է հասանելի․ նրանք նույնպես կարող են արդեն իրենց բիզնես մոդելն առաջ տանել այդ հարթակում»,- նշեց Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրենը։