26/10/2022 14:14
Ծանր աշխատանք, դժվարություններ, հաղթանակ. Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 մարզիկներն ամփոփում են աշխարհի առաջնության արդյունքները
Մեր հաղթանակների հետևում մեր մարզիչներն են կանգնած, ուղղում են մեր սխալները, որ կարողանանք հաղթել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հավաքականի անդամ, Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի կրկնակի ոսկե մեդալակիր Արսեն Հարությունյանը։
Վերջինս նշեց, որ մեկնել էր միայն ոսկե մեդալ նվաճելու համար և կարողացավ հասնել իր նպատակին։
Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, ամփոփելով Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը, նշեց. «Գոտեմարտերի մեջ եղան որոշակի տեխնիկական թերություններ, որոնք պետք է ուղղվեն, կատարելագործվեն, քանի որ 2023 թվականը վարկանշային տարի է և ավելի վճռական է լինելու։ Ժամանակի հետ կտեսնենք, թե ովքեր Փարիզի խաղերի վարկանիշ կնվաճեն»։
Ըստ գլխավոր մարզչի՝ մարզիկների համար դժվար չի եղել աշխարհի մեծահասակների առաջնությունից հետո Մ23 տարեկանների առաջնությանը մասնակցելը, նրանք ունեցել են բավարար ժամանակ պատրաստվելու և ներկայանալու համար։
Ընտրանու անդամ Արման Ավագյանի խոսքով, թեև մեկնարկում սկզբնական պարտությանը, կարողացել է հավաքվել և բրոնզե մեդալ նվաճել։
«Տեխնիկական մասնագիտական խնդիրների պատճառով պարտվեցի, որոնք կշտկենք մարզիչների հետ աշխատանքի արդյունքում», - ասաց մարզիկը։
Օլիմպիական խաղերի մասնակից, Մ23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանն էլ պատմեց իր տպավորությունների մասին.
«Ունեցել եմ հինգ գոտեմարտ, որոնցից յուրաքանչյուրը լարված էր ու դժվար: Եզրափակչում ուժերս վերականգնել էի և կարողացա հաղթել: Սակայն կառանձնացնեմ կիսաեզրափակիչը, քանի որ այդ փուլում միավորներ կորցրեցի»:
Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, իսկ բրոնզե մեդալակիր՝ Արման Ավագյանը:
Ասուլիսի վերջում հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նշեց, որ դեկտեմբերին սպասվում է ՀՀ առաջնություն, որին ընդառաջ որոշակի փոփոխություններով կձևավորվի նոր հավաքական։