26/10/2022 16:42
«Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգի ողջ հասույթը կուղղվի բարեգործության
Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ նոյեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 բարեգործական» հիմնադրամին։
Երեկոյին հնչելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և «Հայֆիլմ»-ից կինոդրվագների ուղեկցությամբ։
««Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգն այս տարվա ամփոփիչ և ամենասպասված միջոցառումն է, որը ևս մեկ հնարավորություն է քաջալերելու պատերազմի մասնակից մեր հայրենակիցներին և լավ առիթ ոչ միայն հանրության անմիջական մասնակցությամբ ապահովելու մեր շահառուների 2022-2023 թվականների ուստարվա կրթավճարի մի մասը, այլ նաև ըմբոշխնելու մաեստրոյի անզուգական երաժշտությունը մեր լավ գործընկեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ», - ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։
«4090 բարեգործական» հիմնադրամն ստեղծվել է արցախյան երրորդ պատերազմից հետո, և նրա նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020 թվականների պատերազմի մասնակից այն քաջորդիներին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահին հիմնադրամն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 60 ուսանող-շահառու։
Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի և մինչ օրս ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների շնորհիվ։