26/10/2022 16:12
Ցրված սկլերոզի զարգացման պատճառները
Ներկայումս գիտնականների շրջանում ցրված սկլերոզի զարգացման պատճառների մասին չկա հստակ ձևավորված ընդհանուր կարծիք: Համարում են, որ այդ պատճառներից կարող են լինել ոչ միայն գենետիկական գործոնները, այլ նաև շրջակա միջավայրի և կենսակերպի հետ կապված պատճառները:
1. Գենետիկա
Ցրված սկլերոզը գենետիկական հիվանդություն չի, բայց նրա զարգացման հավանականությունը մեծանում է, եթե հարազատների մոտ կա ցրված սկլերոզ: Օրինակ՝ եթե 2 ծնողներն ունեն ցրված սկլերոզ, ապա երեխայի մոտ հիվանդության դրսևորման հավանականությունը խիստ բարձրանում է: Ներկայումս կան հիվանդության գենետիկական մարկերների շարք, բայց նրանք ևս չեն տալիս լիարժեք կանխատեսումներ այն մասին, թե անհատը կունենա ցրված սկլերոզ, թե ոչ:
Հայտնաբերված է, որ որոշ ազգեր ավելի հակված են ունենալու ցրված սկլերոզ: Ցրված սկլերոզն ավելի հաճախ է դրսևորվում եվրոպոիդ ռասայի ներկայացուցիչների և հյուսիսային շրջանի բնակիչների մոտ: Վերջինս, որպես օրենք, կապում են վիտամին D-ի պակասի հետ:
2. Արտաքին միջավայրի գործոններ
Ցրված սկլերոզի զարգացման հնարավոր պատճառներից է նաև վատ էկոլոգիան, տոքսինների ազդեցությունը (օրինակ՝ կենցաղային քիմիական նյութեր), բարձր ռադիացիոն ֆոնը:
Ցրված սկլերոզի զարգացման մեջ դեր ունեն նաև մի շարք վիրուսներ, օրինակ՝ հերպես վիրուսը և Էբշտեյն-Բարի վիրուսը, բայց հստակ ապացույցներ դեռ չկան:
3. Կենսակերպ
Հիվանդության զարգացման ռիսկի գործոններ են հանդիսանում նաև ծխելը, ալկոհոլը, սթրեսը, մտավոր լարվածությունը, տարած տրավմաները և վիրահատությունները:
Այնուամենայնիվ, ցրված սկլերոզի զարգացման պատճառները մինչև վերջ պարզ չեն, քանի որ անհատն, ունենալով գենետիկական նախատրամադրվածություն հիվանդության նկատմամբ, կարող է ամբողջ կյանքում չունենալ հիվանդության նշաններ: Սակայն վերը նկարագրված գործոնների համակցումը զգալիորեն մեծացնում է ցրված սկլերոզի զարգացման ռիսկը և կարող է ծանրացնել նրա ընթացքը: