26/10/2022 10:35
«Ժողովուրդ». Փաշինյանը նաև միջազգային հարթակներում է ստում և մեր երկրի ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլի 20-ին՝ ժամը 14։19-ին, ՀՀ կառավարությունը լրատվամիջոցներին մի հաղորդագրություն էր ուղարկել, որում ներկայացված էր այն ելույթը, որ նա ունեցել է ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ։
«Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն», - ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ:
Սակայն երբ նրա այս հայտարարության շուրջ աղմուկ բարձրացավ, մասնավորապես, ադրբեջանցիների կողմից և, գուցե, Կրեմլի կողմից զանգից հետո ՀՀ կառավարության կայքում լուրը խմբագրվեց. նշվել է, թե համաձայնությունը կապված է «Լեռնային Ղարաբաղի անվտանգության» հետ։ Պարզվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է։ Փաստորեն, նա ոչ միայն Հայաստանի ներսում ՀՀ քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ դնելու համար է մանիպուլյացիոն հայտարարություններ անում, այլ նաև միջազգային հարթակներում է ստում և մեր երկրի ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնում»։