27/10/2022 20:54
Պեմֆիգուս. Մաշկային հիվանդության առաջացման պատճառներն ու հիվանդի խնամքի կանոնները
Պեմֆիգուսը մաշկի մակերեսային բորբոքում է, որը բնորոշվում է բշտիկների առաջացմամբ։ Բշտիկները զարգանում են մաշկի կարմրավուն ֆոնի վրա և արագորեն հասնում բավականին մեծ չափերի՝ շճաթարախային պարունակությամբ։ Բշտիկները շատ նուրբ թաղանթ ունեն, որի պատռվելուց հետո բացվում է կարմիր մակերես։ Պարունակությունը հարուստ է մանրէներով, որոնք վարակում և ախտահարում են մաշկի հարևան առողջ հատվածները։
Բշտիկները երևան են գալիս ալիքաձև տեսքով։ Ամենից հաճախ դրանք տեղակայվում են անութային փոսերում, փորի վրա, աճուկային ծալքերում, վզին, բայց կարող են տարածվել և ամբողջ մարմնի վրա (չեն ախտահարվում միայն ափերը և ներբանները)։
Հիվանդությունը վարակիչ է։ Հաճախ հիվանդությունն ունենում է բարորակ ընթացք, բայց չարորակ ձևերի դեպքում՝ կապված մանրէների բարձր վիրուլենտության հետ, մարդու իմունակենսաբանական հատկությունների խիստ անկման ֆոնի վրա, հիվանդությունը կարող է ընթանալ շատ ծանր և առաջացնել սեպտիկ վիճակ։
Պեմֆիգուսով հիվանդներին սկզբնական շրջանում չի կարելի լողանալ, որովհետև դա կարող է նպաստել վարակի տարածմանը։ Անհրաժեշտ է ստերիլ ասեղով կամ ունելիով պատռել յուրաքանչյուր բշտիկը (չսպասել, որ դրանք ինքնուրույն պայթեն) և քսել արծաթի նիտրատի 1-2%-անոց լուծույթ, 10-15%-անոց կոլարգոլի լուծույթ, յոդի 5%-անոց թուրմ, որից հետո ցանել ախտահանող փոշիներ։ Նոր բշտերի առաջացումը կանխարգելելու նպատակով խորհուրդ է տրվում մաշկի առողջ հատվածները մշակել 2%-անոց սպիտակ սնդիկի, էրիթրոմիցինի, տետրացիկլինի քսուքներով։ Մաշկային ծալքերին, որոնք առանձնապես ենթակա են ախտահարման, նպատակահարմար է օրը 1-2 անգամ քսել 1%-անոց սալիցիլային կամ 2-3%-անոց բորասպիրտ, ապա ցանել ախտահանող փոշի։
Պիոդերմիայի այս, ինչպես նաև մյուս բոլոր ձևերի բուժման ժամանակ մեծ նշանակություն ունի ճիշտ խնամքը, վարակազերծման կանոնների պահպանումը (օգտագործել միայն ախտահանված անկողնային պարագաներ), ճիշտ սնուցումը։
Հիվանդության ձգձգվող ընթացքի դեպքում անհրաժեշտ է նշանակել խթանող բուժում և հակաբիոտիկներ։ Նորածնային շրջանում ավելի նպատակահարմար է հակաբիոտիկները շուտ նշանակել, նախքան հիվանդի ջերմության բարձրացումը և ընդհանուր թունավորման երևույթների առաջացումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։