27/10/2022 11:42
Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար ստում է, թե տարբեր փաստաթղթերով Արցախը ներառված է եղել Ադրբեջանի կազմում. Գեղամ Մանուկյան
Չգիտեմ, թե ամեն անգամ նիկոլական ստերը հերքելուց հետո որքանով նա կուղղվի, բայց նման է վատ սովորող այն աշակերտին, որին ուսուցիչը, որքան էլ փորձում է 1+1=2 հավասարումը սովորեցնել, շարունակում է այլ բան պնդել, խորհրդարանական ճեպազրույցներին հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա ասաց, թե թղթածրարով են եկել, որտեղ ներառված են Փաշինյանի գրառումները և պաշտոնական փաստաթղթերը, որոնք վկայում են երկու բան.
«Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար ստում է, որ Ալմա-Աթայի՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի հռչակագրով, երկու երկրները ճանաչելով տարածքային ամբողջականությունը, այդ թվում պատկերացրել են նաև Արցախն Ադրբեջանի կազմում», - ասաց Մանուկյանը՝ ցուցադրելով, թե ինչպես է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տարբեր տարիների ընթացքում շնորհավորել Արցախի անկախությունը. «Իր կարճ ուղեղով շնորհավորել է, որ Արցախն անկախացել է Խորհրդային Միությունից»։
Երկրորդը՝ պատգամավորի խոսքով այն է, որ սուտ է Փաշինյանի այն հայտարարությունը, թե Մադրիդյան սկզբունքներով Արցախն Ադրբեջանի կազմում է։
«Սա գիտակցաբար ասված սուտ է, որովհետև հենց այդ փաստաթղթով հստակ խոսվում է Արցախի հետագա ճակատագրի մասին»։
Գեղամ Մանուկյանն ասաց, թե խորհրդարանական հարցուպատասխանին չեն մասնակցում և «Փաշինյանի ստերը» չեն հերքում, որովհետև, իր խոսքով, 1+1=2 հավասարումը տասն անգամ մարդու գլուխը մտցնում ես՝ չի հասկանում, իմաստ չկար։