27/10/2022 11:50
Ասում են՝ «վա՜յ, պետական պարտքն ավելացավ». պարտքով կառուցում ենք դպրոցներ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
ՀՀ կառավարությունը նախատեսում է 337 դպրոց ու 521 մանկապարտեզ կառուցել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։
«2023 թվականի հունվարի 1-ին մենք շահագործման կհանձնենք 24 դպրոց ու 53 մանկապարտեզ», - կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ասաց, թե ունեն աշխատանքային պլան, որով փորձելու են շարժվել ու ամեն տարվա հունվարի 1-ին կունենան նախանշած, թե ինչ քանակի դպրոց ու մանկապարտեզ են կառուցելու, վերակառուցելու։
Փաշինյանի խոսքով՝ 2024 թվականի հունվարի 1-ին նախատեսում են շահագործման հանձնել 64 դպրոց, 141 մանկապարտեզ, 2025-ի հունվարի 1-ին՝ 57 դպրոց ու 144 մանկապարտեզ, 2026-ի հունվարի 1-ին՝ 111 դպրոց ու 87 մանկապարտեզ, իսկ 2026-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 78 դպրոց ու 92 մանկապարտեզ։
«Շատ լավ է, շատ ուրախ եմ, որ պլանը կոնկրետացված է։ Սա պետք է անընդհատ նայել, ստուգել, մատը զարկերակի վրա պահել», - նշեց վարչապետը։
Փաշինյանն անդրադարձավ նաև պետական պարտքին։
«Էդ, որ ասում են՝ վայ, պետական պարտքն ավելացավ, սա պետական պարտքի ավելացման շատ լավ ու դասական օրինակ է, երբ պետական պարտքով կառուցում ենք դպրոցներ», - նշեց նա։