27/10/2022 10:39
«Փաստ». ՌԴ քաղաքական շրջանակների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Արցախի պատվիրակներին ընդունելու համար
«Փաստ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ տեղեկացրել էինք, որ, հավաստի տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է Արցախից պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված ՌԴ իշխանությունների հետ հանդիպելու և թեման քննարկելու նպատակով։ Եվ ահա, մոսկովյան մեր աղբյուրը երեկ փոխանցեց, որ ՌԴ քաղաքական շրջանակների հետ արդեն ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն՝ Արցախի պատվիրակներին ընդունելու համար։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում մեծ դերակատարում են ունեցել մոսկվայի ազդեցիկ մի քանի հայեր, ովքեր բավական մտերիմ են ՌԴ ղեկավար շրջանակների հետ և կարողացել են այս հանդիպման կայացման հարցում առանցքային ֆիգուրանտ լինել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, շատ նախնական պայմանավորվածություն կա, որ արցախցիներին Մոսկվայում կընդունեն ամենաբարձր մակարդակով։
Ի դեպ, երեկ տեղեկություն տարածվեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա: Թե որքանով են կապված այս այցերը, առայժմ ճշտել չհաջողվեց»։