27/10/2022 14:29
Ցրված սկլերոզի տեսակները
Ցրված սկլերոզն ունի մի քանի տեսակներ: Չկա այս հիվանդության երկու լիարժեքորեն նման դեպք։
Ցրված սկլերոզը բնորոշվում է հիվանդության կլինիկական ընթացքի, նրա կլինիկական դրսևորումների և հիվանդության ելքի հսկայական բազմազանությամբ, որը պայմանավորված է դեմիելինիզացիայի օջախների տարբեր տեղակայումով տեսողական նյարդերում, ուղեղի կիսագնդերում, ողնուղեղում, ուղեղաբնում։
Նկարագրվում են հիվանդության կլինիկական ընթացքի հետևյալ ձևերը.
1. Առաջնային պրոգրեսիվող ցրված սկլերոզ
2. Երկրորդային պրոզրեսիվող ցրված սկլերոզ
3. Ցրված սկլերոզի գրոհային ընթացք
4. Կլինիկորեն իզոլացված համախտանիշ
Առաջնային պրոգրեսիվող ցրված սկլերոզի ժամանակ հիվանդների 10 %-ն ի սկզբանե ունի նյարդաբանական ախտանշանների հարաճուն և շարունակական զարգացում: Այդ պրոգրեսիան (հիվանդության առաջխաղացումը կամ անընդհատ սրված վիճակը) հազվադեպ է ընդհատվում, իսկ լավացումը չնչին է, այսինքն` հիվանդը գտնվում է անընդմեջ սրացման փուլում, որն էլ շատ արագ բերում է հաշմանդամության զարգացման։ Այստեղից էլ առաջացել է այս ձևի անվանումը՝ առաջնային պրոգրեսիվող։
Ցրված սկրելոզի այս տեսակը առավել հաճախակի հանդիպում է 40 տարեկանից բարձր տարիքում՝ հավասարապես ախտահարելով կանանց և տղամարդկանց։
Ցրված սկլերոզի այս տեսակի ամենատարածված ախտանշանը ստորին վերջույթների անընդհատ զարգացող թուլությունն է, որը հանդիպում է առաջնային պրոգրեսիվող ցրված սկլերոզի 80% դեպքերում։
Երկրորդ ամենահաճախակի ախտանշանը հավասարակշռության և բալանսի կորուստն է, որը հանդիպում է 15% դեպքերում և հետևանք է տարածուն ուղեղիկային ախտահարման։
Չնայած արտահայտված հաշմանդամությանը, առաջնային պրոգրեսիվող ցրված սկլերոզով հիվանդների մոտ մագնիսառեզոնանսային (ՄՌՏ) հետազոտության փոփոխությունները շատ ավելի քիչ են արտահայտված, քան Ցրված սկլերոզի մյուս ենթատեսակների ժամանակ, օջախները հակված են ավելի փոքր լինել, սակայն միայն ՄՌՏ նկարներով Ցրված սկլերոզի ենթատեսակը տարբերակելն անհնարին է։