27/10/2022 11:31
Ժամկետային զինծառայողները 6 ամիս հետո կարող են անցնել 5 տարվա պայմանագրային զինծառայության՝ ստանալով 5 միլիոն դրամ (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային ու սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ։
«Այն անվանվելու է «Պաշտպան հայրենյանց ծրագիր», որը նախատեսում է շարքային ու սպայական կազմերի պարտադիր զինծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանգրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանել պատվովճար ստանալու իրավունք», - նախագիծը ներկայացնելիս ասաց Պապիկյանը։
Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվում է ազատորեն։
Պայմանագիր կնքած զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման ու դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի, խմբի համար նախատեսված հավելավճար։
«Միաժամանակ, պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառաության ժամկետում, ու զինծառայողն ուղարկվելու է ՝ շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը», - մանրամասնեց նախարարը։
Սրանով, ըստ Պապիկյանի, կդադարեցվի ՊՆ-ի կողմից նշված վայրում ու պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում են ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս նախագիծը բանակի, ՀՀ զինված ուժերի բարեփոխումների մաս է։
«Սա պրոֆեսիոնալ բանակի անցման քայլերից մեկն է», - նշեց նա։