28/10/2022 15:47
Ի՞նչ է կետո-սննդակարգը և ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա. Մանրամասնում է սննդաբանը
Կետոգեն սննդակարգը հիմնականում մշակվել է դիաբետով հիվանդների համար, սակայն ժամանակի ընթացքում դարձել է քաշի կորստի ամենահայտնի դիետաներից մեկը:
Սննդակարգի դրական և բացասական ազդեցությունների մասին Aysor.am-ին պատմել է սննդաբան Լիլիա Ասատրյանը.
«Կետո դիետան ցածր ածխաջրերի դիետա է, որի ժամանակ մարմինը ստիպված է օգտագործել ճարպը որպես էներգիայի պահուստային աղբյուր: Այն հայտնվել է 1920-ականներին և օգտագործվել էպիլեպսիայի և II տիպի շաքարախտի բուժման համար։ Այսօր այս սննդակարգը լայնորեն կիրառվում է նաև առողջ մարդկանց կողմից՝ նիհարելու և վերակառուցելու նյութափոխանակությունը», - ասաց սննդաբանը։
Կետո դիետայի էությունը ածխաջրերի քանակի նվազեցումն է և ճարպերի այրումը: Ածխաջրերը գլյուկոզայի տեսքով մեր էներգիայի հիմնական աղբյուրն են։ Երբ ածխաջրերի ընդունումը սահմանափակվում է, մարմինը ավելի քիչ ինսուլին է թողարկում գլյուկոզան օգտագործելու համար, և մարմինը մտնում է կատաբոլիզմի վիճակ:
Սննդաբանի խոսքով, կետոգեն դիետան նվազեցնում է ածխաջրերի և սննդային մանրաթելերի ընդունումը մարմնում և կարող է նվազեցնել աղիքներում բակտերիաների բազմազանությունը: Հետևաբար, պետք է օգտագործել դիետան զգուշությամբ և աստիճանաբար: Միևնույն ժամանակ, կարևոր է վերահսկել սննդակարգում սննդային մանրաթելերի քանակը։
Լիլիա Ասատրյանը խորհուրդ է տալիս սնուցման ցանկացած կտրուկ փոփոխությունից առաջ խորհրդակցել բժշկի հետ՝ հնարավոր ռիսկերը վերացնելու համար:
Կետո դիետան ունի նաև մի շարք վտանգավոր կողմեր. Մեծացնում է սրտի հիվանդության վտանգը և ազդում ուղեղի աշխատանքի վրա: Սա կարող է առաջացնել գլխացավեր և շփոթություն: Պատճառն այն է, որ ուղեղի աշխատանքը գրեթե բացառապես կախված է գլյուկոզայից։
Հետևաբար, երբ ածխաջրերի հետ միասին գլյուկոզան դուրս է գալիս սննդակարգից, առաջանում են այս ախտանիշները.
ուշադրության և կատարողականի նվազում, հոգնածություն,
գլխացավ և գլխապտույտ,
մարսողության խանգարում և քաղց,
դյուրագրգռություն և քնի խանգարում,
ծարավ և մկանային սպազմ։
«Կետո դիետան հարուստ է ճարպերով և ցածր ածխաջրերով: Սպիտակուցի քանակը մնում է չափավոր։ Դրա պատճառով օրգանիզմը սկսում է ճեղքել ճարպերը և մտնում է կետոզի վիճակ։ Կետո դիետայի հիմնական սահմանափակումը բարձր ածխաջրերով պարունակվող մթերքների վերացումն է։ Փոխարենը սննդակարգում ավելացվում են միս և ձուկ, ծովամթերք, ձու, բանջարեղեն և կարագ, թթվասեր, պանիրներ, ընկույզներ և սերմեր, ավոկադո, կանաչ բանջարեղեն»,- ասաց սննդաբանը։
Կախված կետո դիետայի տեսակից և խստությունից՝ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի հարաբերակցությունը կարող է փոքր-ինչ տարբերվել։ Օրինակ, դասական կետո դիետայում սպիտակուցի ընդունումը սահմանափակվում է 20% -ով, սակայն սպորտային նպատակներով ավելի հաճախ օգտագործվում է բարձր սպիտակուցային տարբերակ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ շատ ցածր ածխաջրերով դիետա ունեցող մարդիկ շատ ավելի քիչ սննդային մանրաթել են օգտագործում՝ համեմատած սովորական սննդակարգի վրա գտնվողների հետ:
Իսկ բջջանյութի պակասը վնասակար է աղիքների առողջության համար, բարձրացնում է խոլեստերինի մակարդակը և սրտանոթային հիվանդությունների վտանգը, հանգեցնում է փորկապության, որն էլ կետոգեն դիետայի հիմնական կողմնակի ազդեցությունն է:
Նիհարել ցանկացողներին, սննդաբանը խորհուրդ է տալիս մշակել առողջ, հավասարակշռված սննդակարգ, որը առանց վերամշակված մթերքների ավելի առողջարար կլինի, քան կարճաժամկետ, արագ գործող այլընտրանքը: Ամեն դեպքում, միայն սննդակարգի փոփոխությունն առանց ապրելակերպի փոփոխության երկարաժամկետ ազդեցություն չի ունենա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։