28/10/2022 12:09
Պուտինը մեսիջ հղեց Հայաստանի ներքին լսարանին. Վիգեն Հակոբյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ուղղակիորեն նշեց, որ եթե հայ ժողովուրդը և իր ղեկավարությունը ցանկանում են ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախը թողնվում է Ադրբեջանի կազմի մեջ, ապա դա հայ ժողովրդի ու նրա ղեկավարության ընտրությունն է միայն, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով, Պուտինն իր ելույթում հստակ նշեց, որ ոչ միայն ղեկավարությունն է ընտրություն կատարում, այլ՝ ժողովուրդը ևս։
«Սա մեսիջ էր Հայաստանի ներքին լսարանին, որ եթե դուք համաձայն չեք ձեր ղեկավարի մոտեցման հետ, ապա դուք պետք է փորձեք հարցը լուծել, մենք ընդամենը փորձելու ենք աջակցել ցանկացած տարբերակի, որին համաձայն է հայ ժողովուրդը և իր ընտրած ղեկավարությունը: Պուտինը փորձեց փակել նաև մեղադրանքները, որ Ռուսաստանն է ստիպում որպեսզի Արցախը հանձնվի», - ասաց փորձագետը:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ Պուտինի ելույթում նաև կար ակնարկ, որ եթե, այնուամենայնիվ, Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևոր են Արցախի կարգավիճակի որոշակի առանձնահատկությունները, որոնց շուրջ կարելի է պայմանավորվել, ապա Ռուսաստանը այս հարցում էլ պատրաստ է որոշակի գործողություններ անել.
«Պուտինն ասաց նաև, որ առանց Ադրբեջանի վրա որոշակի ներազդեցության՝ սա չի կարող լինել, բայց եթե լինի նման ցանկություն՝ հրաժարվել «վաշինգոտնյան փաստաթղթից», ապա Ռուսաստանը պատրաստ է փորձել ավելի մեղմ տարբերակների գնալ», - ասաց Վիգեն Հակոբյանը: