28/10/2022 16:59
Հայկական կողմին փոխանցված 10 զինծառայողների մարմինները կենթարկվեն դատագենետիկական փորձաքննության
Ադրբեջանի կողմից հայկական կողմին երեկ փոխանցված 10 զինծառայողի մարմինները կենթարկվեն դատագենետիկական փորձաքննության։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություն։ Այլ մանրամասներից ՔԿ-ում առայժմ զերծ են մնացել՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ, ականանետային-հրթիռահրետանային միջոցներ։
ՔԿ ԶՔԳՎ-ում նույն օրը քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները, որը դրսևորվել է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումով) և
ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 1-ին մասով (пետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը)։
Զոհված զինծառայողների վերջնական թիվն առ այս պահը հայտնի չէ, հոկտեմբերի 26-ին առողջապահության նախարարը հայտարարել էր 201 մարմնի նույնականացման մասին, ինչից հետո Ադրբեջանը եւս 10 զինվորի մարմին է փոխանցել Հայաստանին։