28/10/2022 19:57
«Արևմտահայ մեր գրողներն իրենց ժամանակներում ապրել են գրեթե նույնը, ինչն այսօր կրկնվում է» ․ Ստեփանակերտում արևմտահայ գրականությանը նվիրված միջոցառում է անցկացվել
Հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է Արևմտահայ գրողների հետ» խորագրով գրական ցերեկույթ՝ նվիրված արևմտահայ գրականությանը:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ԲՈՒՀ-ի ռեկտոր Վարդան Հակոբյանը նշել է՝ արևմտահայերենի և արևելահայերենի միասնությունը պիտի տանի դեպի ազգային միաբանության:
«Արևմտահայ մեր գրողները՝ սկսած Դանիել Վարուժանից ու Պետրոս Դուրյանից, ովքեր Եղեռնի զոհ դարձան, հանճարեղ մարդիկ էին: Նրանք իրենց ժամանակներում ապրել են գրեթե նույնը, ինչն այսօր կրկնվում է»,- ասել է Վարդան Հակոբյանը:
Համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ Զինաիդա Բալայանի խոսքով՝ Արևմտյան Հայաստանը հայոց աշխարհի սիրտն է, հայ գրականության մայրը, որը ոգեղեն լիցք է հաղորդում ու ներկայացնում հայոց պատմության անցումները՝ պատմագեղարվեստական նկարագրումներով:
«Պատահական չէ, որ մեր ժողովուրդն է քաղաքակրթության առաջին քարը դրել, ստեղծել բարձրարժեք մշակույթ: Եվրոպական ցանկացած երկրի մշակույթ աղերսներ է կրում հնագույն հայկական մշակույթից: Որքան քննում ենք մեր պոեզիան, այնքան համոզվում ենք, որ արևմտահայ բանաստեղծությունը գերակշռում է»,- հավելել է Զինաիդա Բալայանը:
Գրական ցերեկույթի ընթացքում ուսանողներն ասմունքել են արևմտահայ բանաստեղծների ստեղծագործություններից: