28/10/2022 12:27
Ցրված սկլերոզ. երկրորդային պրոգրեսիվող տեսակի ցրված սկլերոզի ախտանշանները
Aysor.am-ը շարունակում է ներկայացնել Ցրված սկլերոզի տեսակները, որոնք մի քանիսն են։ Արդեն ներկայացրել ենք առաջնային պրոգրեսիվող ցրված սկլերոզի ախտանշանները։
Ցրված սկլերոզի մյուս տեսակը երկրորդային պրոգրեսիվող ցրված սկլերոզն է։
Երկրորդային պրոգրեսիվող ցրված սկլերոզ ունեցող պացիենտների մոտ հիվանդությունը զարգանում է գրոհային ընթացքով դրսևորումներից որոշ ժամանակ անց։ Պացիենտները, ունենալով ցրված սկլերոզի գրոհային ընթացքին բնորոշ ախտանշաններ, տարիներ անց ունենում են հիվանդության դանդաղորեն, բայց պրոգրեսիվող ընթացք, այսինքն՝ հիվանդության առաջխաղացում, նյարդաբանական ֆունկցիաների կորուստ, նույնիսկ՝ առանց սուր գրոհների առկայության։
Այս փուլը կոչվում է երկրորդային պրոգրեսիվող ցրված սկլերոզ, երբ հիվանդությունը դառնում է ավելի քիչ բորբոքային, ավելի քիչ գրոհներով և աստիճանական սկսում է զարգանալ անդառնալի հաշմանդամություն։
Երկրորդային պրոգրեսիվող ցրված սկլերոզի զարգացումը գնահատելու համար չկան հավաստի լաբորատոր ցուցանիշներ, հետևաբար, երկրորդային պրոգրեսիայի անցումը որոշում է նյարդաբանը՝ ըստ կլինիկական պատկերի։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ գրոհային ընթացքով սկսված հիվանդության սկզբից 5️ տարի անց պացիենտների միայն 10 %-ն են անցել պրոգրեսիվ փուլի, 1️0 տարի անց այս թիվը հասնում է 2️5%-ի, իսկ 3️0 տարի անց՝ 7️5 %-ի։
Եթե հիվանդությունը սկսվել է երիտասարդ հասակում, ապա երկրորդային պրոգրեսիվող ձևի անցումն ավելի ուշ է լինում:
Տղամարդկանց մոտ մոտավորապես 5️ տարի ավելի շուտ է զարգանում երկրորդայինպրոգրեսիվող ցրված սկլերոզը, քան՝ կանանց մոտ։
Ցրված սկլերոզի հաջորդ տեսակը արդեն նկարագրված գրոհային ընթացքով ցրված սկլերոզն է. այն բնութագրվում է նյարդաբանական ֆունկցիայի կորստի սուր, բայց կարճատև դրվագների (զրոհներ, սրացումներ) առկայությամբ, որոնց հաջորդում են լիարժեք կամ մասնակի վերականգնումը (ռեմիսիա)։
Գրոհները խիստ տարբերվում են իրենց դրսևորումներով և ծանրությամբ՝ տատանվելով թեթև զգացողական խանգարումներից մինչև լիարժեք անշարժություն։ Օրինակ՝ վերջույթների մաշկի շրջանում զգացողության խանգարումներ, թմրածության զգացողություն, կամ վերջույթների շարժողական ֆունկցիայի մասնակի կամ լիարժեք կորուստ։
ՑՍ հիվանդների մոտավորապես 8️5 % ունի գրոհային ընթացք։ Հայտնի է, սակայն, որ այս պացիենտների մեծ մասի մոտ հետագայում զարգանալու է վերը նշված երկրորդային պրոգրեսիվող ընթացքը։
Հիվանդների ճնշող փոքրամասնությունը՝ մոտավորապես 1️0 %, բնութագրվում են որպես բարորակ, երբ հիվանդության սկզբից երկար տարիներ անց նյարդաբանական ֆունկցիոնալ խանգարումները բացակայում են կամ մինիմալ են: Որոշ գործոններ կարող են օգնել կանխատեսելու հիվանդության նմանատիպ ընթացքը, դրանք վկայում են հիվանդության «բարորակ» ընթացքի մասին:
Այդ գործոններն են՝
իգական սեռը
երիտասարդ տարիքում հիվանդության սկիզբը
զգացողական կամ տեսողական գանգատներով հիվանդության սկիզբը
առաջին գրոհներից հետո լիարժեք վերականգնումը
հաջորդող գրոհների ցածր հաճախականությունը հիվանդության առաջին 5️ հինգ տարիների ընթացքում: