28/10/2022 13:54
Պուտինի հայտարարության փաստացի ամրագրումն այն էր, որ Հայաստանի իշխանությունները գնում են մի ճանապարհով, որը և՛ Հայաստանի, և՛ Արցախի շահերը տրորում է. Տիգրան Աբրահամյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համար դժվար է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
«Նիկոլ Փաշինյանը, իշխանությունն ասում են մեկ բան, անում՝ ճիշտ հակառակը։ Դժվար է ասել, թե իրականում Հայաստանը որ ճանապարհով կգնա», - լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի այս իշխանություններն արդեն իսկ հրաժարվել են ոչ միայն Արցախի ճակատագրի հետ կապված որևէ քննարկում ունենալուց, այլ՝ Հայաստանը, սցենարային առումով, համաձայնություն է տվել այն զարգացումներին, որոնք ենթադրում են Արցախն Ադրբեջանի կազմ փոխանցել։
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հիմք չեն հասկանալու, թե Հայաստանը որ ուղղությամբ է շարժվելու։ Նիկոլ Փաշինյանի, նրա թիմակիցների հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանց առաջնային նպատակն է շատ արագ ձերբազատվել Արցախի հարցից ու, լավագույն դեպքում, սահմանափակվել հումանիտար բնույթի հարցերի բարձրացմամբ», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
Աբրահամյանի գնահատմամբ՝ ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը տիրապետում է այն իրական զարգացումներին ու ուղղվածությանը, որն այսօր ունի Հայաստանի իշխանությունը։
«Ես կարծում եմ՝ նրա հայտարարություններն ուղղված էին հայ ժողովրդին՝ գիտակցելու իրավիճակի լրջությունը, վտանգավորությունը, բայց փասացի ամրագրումն այն էր, որ Հայաստանի իշխանությունները գնում են մի ճանապարհով, որը և՛ Հայաստանի, և՛ Արցախի շահերը տրորում է», - ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը և կաջակցի հայ ժողովրդի և ղեկավարության կողմից ընտրված ցանկացած տարբերակի։
«Բայց մենք ոչինչ չենք պարտադրելու: Մենք չենք կարող և չենք պատրաստվում ոչինչ թելադրել Հայաստանին: Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գտնեն, որ պետք է ընտրել այս խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ… Վաշինգտոնը, որքան ես պատկերացնում եմ, հասկանում եմ, դա նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի նկատմամբ, եթե Հայաստանը այդպես է մտածում, լավ, խնդրեմ», - ընդգծել էր Պուտինը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17