28/10/2022 09:50
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Սամարղանդ մեկնելու միայն ինքնաթիռի ծախսը մոտ 25 մլն դրամ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին մեկնել է Սամարղանդ՝ Ուզբեկստանի Հանրապետություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահի ամբողջ պատվիրակությունն այնտեղ է մեկնել ՀՀ վարչապետին սպասարկող նախագահական ինքնաթիռով: Մեզ հետ զրույցում նրա մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով. «Ժամանակի և լոգիստիկայի պատճառով ընտրվել է այդ եղանակով Սամարղանդ մեկնելու տարբերակը»:
Հավելենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղեկցում է 13 անձ, որից 5-ը՝ պատգամավոր: Պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Ալեքսեյ Սանդիկովն ու Միքայել Թումասյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 5 անձի փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարվելու է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին, իսկ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: Տեղեկացնենք, որ նախագահական ինքնաթիռի ծախսը կազմում է մոտ 25 մլն դրամ»։