28/10/2022 20:30
Մատենադարանում տեղի է ունեցել Կլոդ Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում տեղի է ունեցել հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը։
Ինչպես հայտնում եբ ԿԳՄՍՆ-ից, միջոցառմանը նախարար Վահրամ Դումանյանը կատարած աշխատանքի համար առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Կլոդ Արմեն Մութաֆյանին, նաև շնորհավորել ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
«Պարո՛ն Արմեն Մութաֆյան, թեև մաթեմատիկան Ձեր առաջին մասնագիտությունն է, այնուամենայնիվ հսկայական է Ձեր ներդրումը Ֆրանսիայում հայագիտության զարգացման, ինչպես նաև հայոց պատմության ու մշակույթի հանրահռչակման գործում: Հատկապես մեծ է Ձեր ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում: Ձեր ջանքերով է նաև, որ Հայոց ցեղասպանությունն օրենսդրորեն դատապարտող առաջին պետությունը դարձավ Ֆրանսիան»,- փաստել է Վահրամ Դումանյանը:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Կլոդ Արմեն Մութաֆյանը, թեև իր գործունեությունը շարունակել է Ֆրանսիայում, երբեք չի դադարել հայ լինելուց և միշտ հավատարիմ է մնացել իր արմատներին ու հավաքական հիշողությանը, և պատահական չէ, որ նա ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Մատենադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկարամյա բարեկամ:
Վահրամ Դումանյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Կլոդ Արմեն Մութաֆյանի վաստակը հայ մշակույթի պահպանման, հայագիտության զարգացման ու հանրահռչակման գործում և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի հրամանագրով Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Կլոդ Արմեն Մութաֆյանը պարգևատրվում է «Մովսես Խորենացի» մեդալով:
Կլոդ Արմեն Մութաֆյանը շնորհակալություն է հայտնել պարգևի համար և ներկաներին պատմել «Երուսաղեմը և հայերը» գրքի ստեղծման գաղափարի մասին: Այն նվիրված է հայկական Երուսաղեմին. «Գրքում ներկայացված են 5-րդ դարից սկսած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները, Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայատառ խճանկարները, Կիլիկիայի թագավորների արժեքավոր գավազաններ, պատրիարքարանում պահվող և Սալահ ադ-Դինին վերագրվող արտոնագիրը»։
Հեղինակի խոսքով՝ գրքի կարևորագույն արժանիքներից մեկը հայ ձեռագրական մշակույթի գոհարների բացահայտումն է։ Այն ունի ուսուցողական և ճանաչողական բացառիկ նշանակություն։