29/10/2022 16:50
Մեր համալսարանում զանգ կոչված երևույթը ոչ թե տզզոց է, այլ երաժշտություն. Nemra հայկական ռոք խումբը «Բրյուսովի» կողքին է
«Nemra» ռոք խումբը Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի բակում հանդես եկավ համերգով՝ ի պաշտպանություն Բրյուսովի ուսանողների, որոնք պայքարում են Մանկավարժական համալսարանին և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտին միանալու դեմ։
«Այսօր մենք այստեղ ենք և մեզ ուրախացնում է այն, որ ՀՀ-ում կան ուսանողներ, ովքեր կարող ենք պայքարել իրենց իրավունքի համար։ Շատ ուրախ եմ, որ այսպիսի սիրուն ուսանողություն ունենք», - բեմից ուսանողներին ոգևորեց Nemra ռոք խմբի մենակատար Վանը։
Համերգին ներկա էին ուսանողներ, դասախոսներ, երաժշտասերներ, որոնց համախմբում էր «Բրյուսովի» և բրյուսովցիների կողքին լինելու գաղափարը։
Թարգմանչության ֆակուլտետի ուսանող Վերան հավատում է, որ իրենց պայքարը կունենա ցանկալի վերջնակետ․ «Ցանկացած պայքար, եթե մինչև վերջ գնա, հաստատ կհասնի իր նպատակին։ Վստահ եմ, որ միասնականությունը կտա արդյունք։ Մեր դասախոսական կազմը մեզ աջակցում է, հաշվի է առնում մեր կարծիքը և տալիս ընտրության հնարավորություն»։
Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմի պրոռեկտոր Սահակ Մանուկյանն էլ հաստատեց, որ իրենք միշտ ճշմարիտ գաղափարի և իրենց իրավունքի համար պայքարող ուսանողի կողքին են։
«Այն, ինչ Բրյուսովի համալսարանում նախորդող երկու շաբաթների ընթացքում իրականացվել է, ուսանողների կողմից, եղել է ինքնաբուխ։ Իրենց սիրելի համալսարանը, տունը փակել ցանկանալու լուրից ինքնակազմակերպվել են, ոտքի կանգնել և որոշել իրենց ձայնը հասցնել որոշում ընդունողներին, որպեսզի սթափվեն և ողջախոհություն դրսևորեն, հասկանան, որ այդ եղանակով չի կարելի ինչ-որ բանի հասնել», - ասաց Մանուկյանը։
Վերջինս նշեց նաև համերգի կազմակերման մեկ այլ շարժառիթի մասին։
«Համերգը երկկողմանի համաձայնությամբ իրականացվեց, քանի որ մեր համալսարանում զանգ կոչված երևույթը ոչ թե տզզոց է, այլ երաժշտություն։ Մեր երաժշտացանկի մեջ ներառված են նաև Nemra խմբի երգերից հատվածներ, այսինքն՝ Բրյուսովի զանգը Nemra-ն է, և իրենք գիտեն դրա մասին, եկել են շնորհակալություն հայտնելու Բրյուսովին, լինելու ուսանողների կողքին», - ասաց նա։
Nemra ռոք խմբի մենակատար Վանը տպավորված էր ուսանողության ջերմ ընդունելությունից և միասնականությունից։
«Համերգը հիանալի անցավ, Բրյուսովի ուսանողությունը հրաշք է ուղղակի։ Այնքան լավ էին երգում, որ, ճիշտն ասած, մեկ-մեկ խառնում էի՝ Բրյուսո՞վն է, թե՞ Կոնսերվատորիան։ Բայց չեմ ուզում նոր միտք տալ, որ չմիանա Կոնսերվատորիային», - կատակեց նա։
Ռոք երաժշտին ուրախացնում է այն փաստը, որ Հայաստանում իրենց կրթության, ուսման իրավունքի համար պայքարող երիտասարդներ կան։
Խմբի բաս կիթառահար Վասպուրն էլ ևս մեկ անգամ շեշտեց, որ առաջնայինը երիտասարդների պայքարն է մի գաղափարի շուրջ, որն իրենց ուսման որակը պահելու մեջ է։