29/10/2022 11:22
ՔՊ-ի գործունեության արդյունքում Հայաստանն այսօր վստահ ու հպարտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին. Նիկոլ Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանն այսօր վստահ ու հպարտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին: Դուք տեսնում եք, որ ամենտարբեր վարկանիշներում մենք, գուցե, առաջատար եռյակում չենք, բայց մենք շատ պատվավոր տեղեր ենք զբաղեցնում ժողովրդավարության չափանիշներով, ընտրությունների ազատության չափանիշներով, խոսքի ու մամուլի ազատության չափանիշներով, ինտերնետային ազատության չափանիշներով, տնտեսական ազատության չափանիշներով», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն այսօր գտնվում է տնտեսական երկնիշ աճի փուլում:
«Հայաստանում չկան տնտեսական մենաշնորհներ, Հայաստանում չկան արտահանման ու ներմուծման քվոտաներ ու սա փաստ է, մենք, այո, ասել ենք, որ մեր մեծագույն խնդիրը տնտեսական զարգացման բնագավառում հնարավորություններ ստեղծելն է», - նշեց նա:
Վարչապետն ասաց, թե տնտեսական այն անկումը, որ Հայաստանն ունեցել է 2020 թվականին, 2021 ու 2022 թվականների արդյունքներով կհաղթահարվի: