29/10/2022 14:16
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը մշտական սպառնալիքի աղբյուր է Հայաստանի անվտանգության համար. Ռուբեն Ռուբինյան
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը մշտական սպառնալիքի աղբյուր է Հայաստանի անվտանգության համար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Այդ սպառնալիքները, ըստ նրա, պետք է կառավարել ու վերացնել:
«Համոզված ենք, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ապահովման միջոցը համակեցության, այսինքն՝ միմյանց գոյության չբացառման բանաձևի մշակումն է տարածաշրջանի բոլոր երկրների, առաջին հերթին, մեր անմիջական հարևանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի ու Վրաստանի հետ», - ասաց նա:
Ռուբինյանի խոսքով՝ եթե նախկինում ԼՂ հիմնախնդրում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, ապա հիմա առաջնահերթություն է դիտվում արցախահայության անվտանգությունն ու իրավունքը:
«Այդ համակագը պիտի երաշխավորի, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ապրեն իրենց հայրենիքում, իրենց համարեն հայ, ղարաբաղցի, արցախցի», - նշեց ՔՊ-ականը: