29/10/2022 12:24
Բոլոր նրանք, ովքեր ասում են, թե ես պատրաստվում եմ նոր կապիտուլյացիա ստորագրել, ուրեմն հանրությունից պետք է ներողություն խնդրեն նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա անվանելու համար. Վարչապետ (Տեսանյութ)
Մեր բոլորի աչքի առաջ աշխարհի հին հարաբերությունները փլուզվում են, ու մենք չպետք է մնանք այդ փլատակների ներքո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է նոր տեսությամբ նոր պետություն կառուցենք», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ իրենք չեն կառուցի իրենց երազած պետությունը, եթե ՔՊ-ի ծրագրի ամեն տողի չվերաբերվեն հատուկ ուշադրությամբ ու հատուկ կարևորությամբ:
Նա խոսեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի մասին:
«Մեր գործընկերներից շատերը այդ պային ներկա են եղել իմ աշխատասենյակում, երբ ստորագրել եմ այդ թուղթը ու այդ թուղթը որոշ ուժերի կողմից գնահատվեց որպես կապիտուլյացիա: Դրա շուրջ ամբողջ մի շարժում կառուցեցին, իսկ հիմա այդ նույն ուժերը կրծքով պաշտպանում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ասելով, որ չի կարելի կորցնել այդ փաստաթղթում առկա ձեռքբերումները: Այսօր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ստորագրելու մեջ, ասում են, թե, իբր, ես պատրաստվում եմ առաջիկայում կապիտուլյացիա ստորագրել, սա պատմական նոնսենս է, որովհետև պատմությունը չի տեսել, որ նույն իշխանությունը, նույն երկիրը երկու, երեք անգամ կապիտուլյացիա ստորագրի», - հայտարարեց վարչապետը:
Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարևոր փաստաթուղթ է:
«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ես պատրաստվում եմ կապիտուլյացիա ստորագրել, ուրեմն այդ նախադասությունն ասելուց առաջ, հանրությունից պետք է ներողողություն խնդրեն նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա անվանելու համար, իսկ եթե ներողություն չեն խնդրում, ուրեմն իրավունք չունեն հանրությանն ահաբեկելու նոր կապիտուլյացիաների մասին», - ասաց նա: