29/10/2022 10:40
«Հրապարակ». «Ձեր դեբիլներին հարցրեք, այն դեգեներատներին, որոնք ընդունում են այդ որոշումները, ինչո՞ւ եք մեզ հարցնում»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքագետ, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը չի մեկնաբանում իրեն անցանկալի անձ ճանաչելու մասին տեղեկությունը։ «Հրապարակի» հարցին, թե որն է, իր կարծիքով, պատճառը, որ Զատուլինին, Մարգարիտա Սիմոնյանին, իրեն արգելում են մտնել Հայաստան՝ նա պատասխանեց. «Ձեր դեբիլներին հարցրեք, այն դեգեներատներին, որոնք ընդունում են այդ որոշումները, ինչո՞ւ եք մեզ հարցնում»։ Ասաց, որ եթե ինքը երեկ եկած լիներ Հայաստան՝ Լազարևյան ակումբի նիստին մասնակցելու, գուցեև պարզեր, թե պաշտոնական բացատրությունը որն է։ Բայց Զատուլինին չեն թողել երկիր, նա չվերթը չեղարկել է, և ակումբի ռուսաստանյան անդամները «Զումի» միջոցով` հեռահար են մասնակցել ակումբի նիստին։ Հարցին՝ իսկ ինչպե՞ս իմացավ, որ ինքն այլևս «պերսոնա նոն գրատա» է Հայաստանում, ինչ-որ բացատրություն ունի՞, քաղաքագետը պատասխանեց․
«Ինձ ոչ ոք ոչինչ չի բացատրել։ Պարզապես հայկական տելեգրամ կանալներում է եղել այդ լուրը, ինձ մարդիկ ուղարկեցին։ Իսագուլյանն ակումբի նիստի ժամանակ այդ թեմայով խոսեց, մյուսները։ Ես չունեմ հստակ տեղեկություններ։ Գիտեմ, որ ՌԴ ԱԳՆ-ն է դիմել սահմանապահներին, մյուս ծառայություններին, նրանք էլ չունեն ինֆորմացիա: ՌԴ ԱԳՆ-ի գրավոր հարցմանն էլ պատասխանել են. «Առանց մեկնաբանության»։ Ես հստակ չգիտեմ նույնիսկ՝ ես այդ ցուցակո՞ւմ եմ, թե՞ ոչ, բայց շատերը, ովքեր փորձել են պարզել, ասում են, որ՝ այո»։
Հիշեցնենք. նախօրեին հայտնի դարձավ, որ արգելվել է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիա հոլդինգի և Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, գուցե՝ նաև նրա ամուսնու` Տիգրան Քեոսայանի մուտքը Հայաստան։ Նրանք, ինչպեսև ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, հայտնվել են Հայաստանում անցանկալի անձանց «սև ցուցակում»»։