29/10/2022 11:10
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը բանակցում է գաղտնի և չի կատարում իր խոստումները, հետևաբար, կրկին խաբել է արժանապատիվ քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ ՌԴ-ի կողմից ներկայացված սկզբունքների և պարամետրերի հիման վրա, ու պատրաստ է դա վերահաստատել Սոչիում: Երեկ թվիթերյան իր միկրոբլոգում նման գրառում էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ստացվում է՝ սեպտեմբերից Հայաստանն աշխատում է ՌԴ-ի հետ, սակայն նույն ՀՀ ղեկավարության և տարբեր իշխանական գործիչների կողմից հնչում էին հակառուսական հայտարարություններ, ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր:
Դրան զուգահեռ, չնայած սեպտեմբերից բանակցություններ կան, սակայն Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին նաև հանդիպում ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: Այսինքն՝ մի կողմից բանակցում էր Ռուսաստանի հետ, մյուս կողմից ընդունեց արևմտյան տարբերակը: Մեկ այլ հանգամանք ևս. Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, դեռ 2018 թվականին հայտարարում էր, թե Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ և այլ հարցերում ևս միայնակ որոշում երբևէ չի կայացնի և ամեն ինչ կքննարկի հայ ժողովրդի հետ:
Սեպտեմբերից ռուսական կողմի հետ բանակցելն ու այդ մասին չհայտարարելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը բանակցում է գաղտնի և չի կատարում իր խոստումները, հետևաբար կրկին խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»։