30/10/2022 15:21
Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս է. Իրազեկման ակցիաները Երևանում ամփոփվել են քայլերթով
Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Հայաստանում էլ այս ամիս առողջապահության նախարարությունը բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել՝ ուղղված կրծքագեղձի քաղցկեղի ժամանակին ախտորոշմանն ու բուժմանը։
Իրազեկման մեկամսյա ակցիաները այսօր ամփոփվել են քայլերթով։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քայլերթի ընթացքում անցորդներին տեղեկատվական թերթիկներ տվեց, նրանց հետ զրույցում ընդգծելով, որ քաղցկեղը դատավճիռ չէ, միայն թե պետք է այն վաղ փուլում հայտնաբերել, ուստի շատ կարևոր է ուժ ու կամք գտնել ու ժամանակին անցնել բոլոր հետազոտությունները։
Նախարարը նշել է նաև, որ պետպատվերի շրջանակներում միջոցառումներ են իրականացվում ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Լոռիում և Տավուշում ԱՆ շարժական մամոգրաֆի շնորհիվ 50-ից 69 տարեկան կանայք արդեն անցել են անվճար մամոգրաֆիկ հետազոտություն։ Մամոգրաֆն այժմ Սյունիքի մարզում է։
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումները չեն սահմանափակվի միայն հոկտեմբերով։
Տարվա բոլոր ամիսներին առողջապահության նախարարությունը շարունակելու է բազմաթիվ ծրագրեր իրականացնել՝ թե քաղցկեղի ախտորոշմանը և թե բուժմանն ուղղված։
Նշենք, որ Հայաստանում 12592 կին պայքարում է քաղցկեղի դեմ, ամեն տարի մեր երկրում մոտ 1300 նոր դեպք է հաստատվում։