31/10/2022 10:37
Կառավարությունը 2023 թվականի համար սահմանել է 7 տոկոս տնտեսական աճի ծրագրային թիրախ. Ֆինանսների նախարար
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել է 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագծի հիմնական առաջնահերթությունները կառուցել են՝ ելնելով այն նպատակներից, որոնք դրված են կառավարության գործունեության ծրագրում:
«Պետք է առաջին հերթին երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն, մենք պետք է էականորեն ավելացնենք սեփական եկամուտները, մասնավորապես, հարկային եկամուտները, դրանք են այն երաշխիքները, որ պետք է միջնաժամկետ հատվածում ապահովեն կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում», - մանրամասնեց նախարարը:
Ըստ նրա՝ Հայաստանը 2026 թվականին հարկերը պետք է հասցնի համախառն ներքին արդյունքի նկատմամբ 25 տոկոս ցուցանիշի:
«Մենք պետք է ապահովենք պետական պարտքը համառն ներքին արդյունքի նկատմամբ ցուցանիշի զգալի բարելավում: Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր զարգացումները, որ պարտքը կառավարենք այնպիսի եղանակով, որ դրանք միջնաժամկետ հատվածում չստեղծեն կառավարության հիմնական անելիքների իրականացման ռիսկեր», - նշեց Խաչատրյանը:
Քանի դեռ Հայաստանը գտնվում է պարտքի բարձր միջակայքում, ըստ նախարարի, ընթացիկ ծախսերը պետք է պլանավորել այնպես, որ դրանք ենթարկվեն այն կանոններին, որոնք սահմանված են միջնաժամկետ հատվածի համար:
Որպես հիմնական նպատակադրում՝ կառավարությունը 2023 թվականի համար սահմանել է 7 տոկոս տնտեսական աճի ծրագրային թիրախը:
«Մենք նախատեսել ենք, որ պետական պարտքը նախորդ տարվա 60,3 տոկոս մակարդակից պետք է նվազի մինչև 50 տոկոսը չգերազանցող մակարդակի», - նշեց Տիգրան Խաչատրյանը: