31/10/2022 21:05
Արցախի փրկությունը Հայաստանի լինելիության գլխավոր պայմանն է. Կամո Աթայան
Օրերս Արցախում էի: Ամենուր զգացվում էր մոտ երկու տարի առաջ աղետալի պատերազմով հաստատված վիճակի ծանրությունը ու նաև երկրամասի ապագայի նկատմամբ մարդկանց հուսադրող վերաբերմունքը: Բոլորը հույսով ու հավատով էին խոսում առաջիկա հանրահավաքի մասին…
Իրավիճակը նման էր 1988-ի սկզբներին, երբ խորհրդային տոտալիտարիզմի պայմաններում Արցախը, հանուն իր իրավունքների, ոտքի կանգնեց ու դրան հետևեց ողջ հայ ժողովուրդը՝ ազդարարելով ազգային ազատագրական պայքարի սկիզբը:
Շուրջ 34 տարի անց հայ ժողովուրդը ազատագրական պայքարում ունեցած խոշոր ձեռքբերումները կորցրել է ու, փաստացի, հոկտեմբերի 30-ի հուժկու հանրահավաքով այդ պայքարի նոր փուլի սկիզբն է ազդարարվում:
Հայ ժողովուրդը՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում պարտավոր է մշակել համազգային պայքարի նոր ու արդյունավետ օրակարգ և դրանով առաջնորդվել ու միաժամանակ հաջողությամբ դիմակայել աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության հաստատման մարտահրավերներին՝ առաջ մղելով հայկական շահը:
Անկասկած, այս պահի գերխնդիրը ազգային դաստիարակությամբ ու նկարագրով բանիմաց, արհեստավարժ մարդկանցից կազմված իշխանության ձևավորումն է, որն ի վիճակի կլինի ապահովել Արցախի խնդրի դե-յուրե լուծումն ու միաժամանակ տնտեսական հզորացմամբ դիտարկել ազգային անվտանգության առկախված խնդիրները:
Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հզոր հանրահավաքը շատ կասկածներ փարատեց՝ պայքարի դաշտ ստեղծելով բոլորի և յուրաքանչյուրի համար: Գլխավոր միտքը և գերնպատակը ձևակերպված է կարճ և հստակ՝ Արցախի ինքնորոշումն այլընտրանք չունի: Ազգերի ինքնորոշումն ընդհանրապես համապիտանի և հզոր գործիք է, որն աշխատում է ամենուր, և դրա շնորհիվ ստեղծվել, ստեղծվում են և ապագայում կստեղծվեն նոր պետականություններ…
Հայ ժողովուրդն իր հզոր եռամիասնությամբ ի զորու է լուծել Արցախի խնդիրը՝ դրանով իսկ ապահովելով Հայաստանի լինելիությունը և այս Արևի տակ մեր ժողովրդի արժանապատիվ գոյությունը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17