31/10/2022 10:48
2023 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 506 միլիարդ դրամ
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել է 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը:
2013 թվականին կապիտալ ծախսերի զգալի մասն ուղղվելու է պաշտպանության ու անվտանգային այլ ենթակառուցվածքների ֆինանսավորմանը:
«2023 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 506 միլիարդ դրամ։ Դրանք 35 տոկոսով գերազանցելու են 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ծախսային ցուցանիշները ու հասնելու են համախառն ներքին արդունքի 5 տոկոսին, որն այս տարվա համար սպասվող ցուցանիշի նկատմամբ ավելի է 0,9 տոկոսային կետով», - ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերի աճը նույնպես զգալի է լինելու. 2023-ին կկազմեն 648 միլիարդ դրամ՝ 10 տոկոսով գերազանցելով 2022 թվականի պետբյուջեով սահմանված ծախսերն ու կապահովեն համախառն ներքին արդյունքի նկատմամբ 7 տոկոս մակարդակ:
Կրթության ոլորտում ծախսերը կկազմեն 209 միլիարդ դրամ. 12 տոկոսով ավելի, քան 2022 թվականինը:
Առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն149 միլիարդ դրամ, ինչը 4 տոկոսով ավելի է, քան այս տարվա բյուջեով սահմանված ծախսերի մակարդակը: