31/10/2022 13:42
2023 թվականին կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3,1 տոկոսը. Մարտին Գալստյան
2023 թվականի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ, 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Տնտեսական նախանշված աճի պայմաններում 2023 թվականի պետական բյուջեի ծրագիրը նպատակադրում է հարկերի՝ ՀՆԱ-ում ավելի դանդաղ աճ, սակայն կապիտալ ծախսերի աճի ու պարտքի կրճատման տեմպերի արագացում, որի արդյունքում համախառն պահանջարկի վրա բյուջեի վարքագիծը 2023 թվականին կունենա չեզոք ազդեցություն», - ասաց նա:
Գալստյանի խոսքով՝ 2023 թվականի համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած է արտադրողականության ու մրցակցության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրումների, այդ թվում՝ պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումն ու արտահանան աճի համար կայուն հիմքերի ձևավորումը:
«Տնտեսական աճի ապահովումը զգալիորեն կախված կլինի կառավարության կողմից ենթակառուցվածքներում խոշոր պետական ներդրումների սահմանված ժամկետներում ու ծրագրավորված համամասնություններով իրականացումից, ինչպես նաև ծրագրով նախատեսված ներդրումների խրախուսման ու արտահանման խթանման ուղղությամբ միջոցառումների ամբողջական կատարումից», - նշեց նա:
2023 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունը կշարունակի սահուն կոնսոլիդացիայի իրականացումը՝ նպաստելով պարտքի բեռի նվազեցմանը:
«2023 թվականի համար նպատակադրվել է հարկեր-ՀՆԱ ցուցանիշի 0,5 տոկոսային կետով աճ, որի արդյունքում ՀՆԱ-ի հարկերը կկազմեն 23,7 տոկոսը», - ասաց ԿԲ նախագահը:
2023 թվականին թե՛ տնտեսական աճին նպաստելու, թե՛ ծախսերի կառուցվածքի բարելավմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության նպատակադրումների ներքո նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում՝ հասցնելով 5,9 տոկոսի ու նվազեցնել ընթացիկ ծախսերը՝ հասցնելով 21,9 տոկոսի:
«Այպիսով՝ 2023 թվականին կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3,1 տոկոսը, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի չեզոք՝ նպաստելով պարտքի բեռի փոքր՝ 1 տոկոսային կետով նվազման՝ մինչև 49,7 տոկոս», - ասաց Մարտին Գալստյանը: